Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվորեն մասնակցել Ղարաբաղյան գործընթացին


Ֆիլիպ Գորդոնը ասուլիս է տալիս Երեւանում, հունիս, 2009թ.

Ֆիլիպ Գորդոնը ասուլիս է տալիս Երեւանում, հունիս, 2009թ.

Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի ակտիվ դերակատարումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, բայց եւ զգուշացնում, որ մտադիր չէ մի կողմ քաշվել եւ հրաժարվել բանակցային գործընթացին սեփական մասնակցությունից։ Այդ մասին, ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը:

«Ռուսաստանը ակտիվ դեր է խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Մենք ողջունում ենք Ռուսաստանի քայլերը եւ պատրաստ ենք այս հարցում սերտորեն համագործակցել», - հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան` միաժամանակ ընդգծելով. - «Վաշինգտոնը հույս ունի, որ Միացյալ Նահանգների նման Ռուսաստանը եւս ձգտում է խնդրի կարգավորման, որի հիմքում կլինեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշակած առանցքային սկզբունքները»։

Հիշեցնելով, որ այս տարվա հուլիսին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելել է տարածաշրջան, այդ թվում` Հայաստան ու Ադրբեջան, Գորդոնը ընդգծել է` հարցը գտնվում է պետքարտուղարի ուշադրության ներքո: «Հիլարի Քլինթոնը մշտապես տեղեկացվում է կարգավորման շուրջ զարգացումներին եւ ուշադրությամբ հետեւում է իրավիճակին», - ասել է Ֆիլիպ Գորդոնը։

Նա հերքել է լրագրողներից մեկի այն դիտարկումը, թե Միացյալ Նահանգները բավականաչափ ակտիվորեն չի մասնակցում կարգավորման շուրջ աշխատանքներին: «Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ է կողմերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդների հետ եւ շահագրգռված է արդյունքներով, այնպես, ինչպես մյուս համանախագահները` Ռուսաստանն ու Ֆրանսիան», - ասել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը եւ ընդգծել. - «Հաշվի առնելով հակամարտության կարգավորման կարեւորությունը` Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին»։

Ըստ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի, կարգավորման գործընթացում դեռեւս առկա տարաձայնությունները, ինչպես նաեւ շփման գծում արձանագրվող միջադեպերը անհանգստացնում են պաշտոնական Վաշինգտոնին: «Սա վտանգավոր իրավիճակ է, որը ընդգծում է առաջընթացի հասնելու համար մեր կողմից ակտիվ քայլեր ձեռարկելու անհրաժեշտությունը», - ասել է Ֆիլիպ Գորդոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG