Մատչելիության հղումներ

Հայտարարություն` Փաշինյանին ազատ արձակելու պահանջով


Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում, արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը դատարանի դահլիճում, արխիվային լուսանկար

Հայաստանի ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով իշխանություններից պահանջում են ազատ արձակել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

«Մենք` ներքոստորագրյալ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, դատապարտում ենք քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա վերջերս կատարված հարձակումները», - ասված է երեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները պահանջում են, որպեսզի Հայաստանի իշխանություններն ապահովեն «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի կյանքի անձեռնմխելիությունն ու անվտանգությունը, պատժեն ոճրագործներին եւ արգելեն բոլոր այն գործողությունները, որոնք այս կամ այն կերպ ուղղված են Փաշինյանի անվտանգության դեմ:

«Մենք նաեւ պահանջում ենք իշխանություններից, որ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ազատ արձակվի», - եզրափակում են հայտարարության հեղինակները:

Հայտարարությունը բաց է ստորագրության համար: Այն արդեն ստորագրել են 26 կազմակերպություններ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

«Արդեն երեւի նախագահական պալատի ճաղերն էլ են հասկացել, որ իրենց արածը մեծագույն անհեթեթություն է: Պատանդ են պահում 21-րդ դարի երրորդ հանրապետությունում մեր: Մարդը որոշել է, որ Նիկոլին եթե պատանդ պահի բանտում, ուրեմն ընդդիմադիր շարժումը խեղճ կլինի, թույլ կլինի, կմարի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:

«Ինչ ուզում է իրենք փորձեն հորինել` արդարացում որպես, բացատրություն` «քրեական հանցագործներ են, այս են, այն են», այդ ամբողջը անհեթեթություն է, եւ ամբողջ աշխարհը դա գիտի», - ընդգծեց Բարսեղյանը` հավելելով. - «Փոխանակ մտածի Հայաստանի զարգացման մասին, Հայաստանի իշխանությունների դեմքը մարդավարի փրկելու, սխալներն ուղղելու մասին` ինքը շարունակում է պատանդ պահել գլխավոր խմբագրին»:

«Իսկ մինչեւ խելքի կգան եւ Նիկոլին ազատ կարձակեն` Նիկոլը պիտի անվտանգության մեջ լինի: Բայց դա չի նշանակում` դնել այդ մարդուն պատժախուց, փակել, թուղթ ու գրիչից ու մնացած բաներից զրկել, հարձակումներ կատարել նրա վրա, ահաբեկել եւ այլն: Ես զարմանում եմ, անկեղծ ասած. մինչեւ հիմա գլխի չեն ընկել, որ դրանք մեթոդ չեն Նիկոլին լռեցնելու համար», - նշեց «Ասպարեզ» ակումբի ղեկավարը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին կարծիք հայտնեց, թե «քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ կարող է նպաստել հիմա Նիկոլ Փաշինյանի ազատ արձակմանը, որովհետեւ չկա այն լարվածությունը, որը, ասենք, 2008 թվականի հայտնի դեպքերից հետո էր»:

«Կարծում եմ, որ իշխանությունները բարի կամք կարող էին դրսեւորել` ազատ արձակելով Նիկոլ Փաշինյանին: Դա կբարձրացնի ե'ւ երկրի վարկանիշը, ե'ւ կբարելավի ընդհանուր քաղաքական մթնոլորը, հասարակական մթնոլորտը», - ընդգծեց Մելիքյանը:

«Կարծում եմ, որ իշխանությունները պետք է գնան այդպիսի քայլերի, մանավանդ որ գալիք խորհրդարանական ընտրություններից հետո իսկապես արժե ունենալ հանդարտ միջավայր», - ամփոփեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG