Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ - Ռուսաստան գագաթնաժողովում քննարկվել է նաեւ Ղարաբաղի հարցը


Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզու, Բրյուսել, 7-ը դեկտեմբերի, 2010թ.

Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզու, Բրյուսել, 7-ը դեկտեմբերի, 2010թ.

Երեքշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

«Մենք ընդգծել ենք, որ շատ կարեւոր է, որպեսզի Ղարաբաղի հարցով ուսումնասիրվեն Մինսկի խմբի առաջարկները` խնդիրը իսկապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Մենք շատ կցանկանայինք, որ նախագահ Մեդվեդեւը նպաստեր խնդրի խաղաղ կարգավորմանը», - երեկոյան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյը:

«Մենք իսկապես այսօր խոսել ենք Մերձդնեստի եւ Ղարաբաղի մասին եւ անպայման կշարունակենք քննարկումները: Հուսով եմ, որ քննարկումները կմոտեցնեն այդ բարդ խնդիրների կարգավորումը», - ասել է Մեդվեդեւը:

Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովի ժամանակ քննարկված հիմնական հարցերն էին Ռուսաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ վիզային ռեժիմի հարցը:

Հիմնական արդյունքը կապված է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հետ: Երեքշաբթի օրը ավարտվել են այս հարցով բանակցությունները Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ, համապատասխան փաստաթուղթ է ստորագրվել, եւ Ռուսաստանը ստացել է Եվրամիության աջակցությունը:

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան ստացել էր նաեւ Միացյալ Նահանգների աջակցությունը:

«Այն բանից հետո, երբ մենք ստացել ենք Եվրամիության եւ Միացյալ Նահանգների աջակցությունը այս հարցում, կարելի է ասել, որ Ռուսաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը իրական է դառնում», - երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեդվեդեւը:

Բանակցությունները այս հարցով Ռուսաստանը վարում է վերջին 17 տարիներին, եւ ներկայումս Մոսկվայում արդեն խոսում են այն մասին, որ կազմակերպությանը անդամակցելը մեծ դիվիդենտներ կարող է բերել Ռուսաստանին:

Սակայն Վրաստանը դեմ է Ռուսաստանի անդամակցությանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, եւ երեքշաբթի օրը նման հայտարարություններ նորից հնչել են Թբիլիսից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG