Մատչելիության հղումներ

logo-print

Հայ դատի հանձնախումբը Փելոսիին կոչ է անում ընթացք տալ ցեղասպանության բանաձեւին


Նենսի Փելոսի

Նենսի Փելոսի

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւը առաջիկա տասն օրերի ընթացքում ներառել լիագումար նիստի օրակարգում:

«Դրանով Փելոսին եզակի հնարավորություն կունենա խոսնակի` իր պաշտոնավարման ժամանակաշրջանը ավարտել բարոյական ուժեղ ներկայացումով», - հայտարարում են հայկական լոբբիստական կազմակերպության արեւմտյան եւ արեւելյան շրջանների ատենապետերը։

Նոյեմբերին միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրեսում մեծամասնություն կազմեցին հանրապետականները, որոնց եւ կվստահվի խոսնակի պաշտոնը` 2011 թվականից մեկնարկող նոր նստաշրջանում։

«Ներկայիս կազմով Կոնգրեսը շարունակի գործել թերեւս եւս երկու շաբաթ` մի վերջին հնարավորություն տալով Նենսի Փելոսիին լիագումար նիստում ներառել Հայոց ցեղասպանության հարցը», - ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

«Այս վերջին օրերը Կոնգրեսի զուգադիպում են ՄԱԿ-ի 1948-ի ցեղասպանության դեմ փաստաթղթի որդեգրման տարելիցին` դեկտեմբերի 8-ին է ստորագրվել այն, եւ սա կարեւոր առիթ է` մեկ անգամ եւս Ամերիկայի կողմից շատ հզոր ձեւով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Չուլջյանը:

Ադամ Շիֆի եւ հայամետ մյուս կոնգրեսականների հեղինակած թիվ 252 բանաձեւը այս տարվա գարնանը հավանության է արժանացել Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն այդպես էլ լիագումար նիստ չի մտել` Սպիտակ տան վարչակազմի եւ Թուրքիայի գործադրած ջանքերի պատճառով։

«Ներկայացուցիչների պալատի որոշ անդամներ չեն ցանկանում հետեւել իրենց խղճին եւ նախընտրում են խուսափել ցեղասպանության շուրջ բացահայտ դիրքորոշման որդեգրումից», - հայտարարում են Հայ դատի հանձնախմբի ատենապետերը եւ ընդգծում. - «Փաստը մնում է այն, որ արդարացումներից եւ պատրվակներից ոչ մեկը այլեւս չպետք է թույլատրի Ամերիկայի ժողովրդի ընտրած ներկայացուցիչներին հրաժարվել Հայոց ցեղասպանության բանաձեւին «այո» կամ «ոչ» ասելուց»։

«Այս բանաձեւը մեկ անգամ եւս պետք է կոչ լինի նախագահի Օբամային, որ իր խոստումը հարգի եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչի», - ընդգծեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը:

Ներկայումս, Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով, Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւին աջակցում է շուրջ 150 կոնգրեսական։

Ընդգծելով, որ նմանատիպ բանաձեւեր Ներկայացուցիչների պալատում շրջանառվել են տասնամյակներ շարունակ, սակայն այդպես էլ լիարժեք քվեարկության չեն հասել, Հայ դատի հանձախումբը կոչ է անում Փելոսիին 2010 թվականը դարձնել վճռական տարի այս առումով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG