Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 8-ի մամուլ


«Տեղեկություններ կան, որ Հանրապետական կուսակցությունում արդեն իսկ 2012 թվականի խորհրդարանական ցուցակի շուրջ քննարկումներ կան, կազմվում է ՀՀԿ ցուցակը: Չի բացառվում նաեւ, որ ներկա խորհրդարանի որոշ պատգամավորներ չլինեն այդ ցուցակում», - գրում է «Հրապարակ»-ը: Թերթի հետ զրույցում նշվածի կապակցությամբ պարզաբանումներ է տվել ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ հնարավոր է ՀՀԿ ցուցակում որոշ փոփոխություններ լինեն, Տիգրան Սարգսյանն իր թիմով գա առաջ` ՀՀԿ-ի հնաբնակները դուրս մղվեն», Մինասյանը արձագանքում է. - «Խոսել «եթե»-ներով` ճիշտ չէ: Նախարար աշխատող մեր բոլոր գործընկերները, ինչպես կարգն է, հայտնվելու են մի ընդհանուր ցուցակի մեջ` այբբենական կարգով, այդ թվում եւ նրանք, ովքեր Տիգրան Սարգսյանի հետ միասին են եկել այս կառավարություն»: Հարց. - «Իսկ չե՞ք կարծում, որ ներկա սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում ընդհանրապես մարտի 1-ից հետո, ՀՀԿ-ն շանսեր չունի առաջիկա ընտրություններում` եթե, իհարկե, արդար ընտրություններ լինեն»: Պատգամավորը պատասխանում է. - «Ես այդ կարծիքին չեմ: Ընդհակառակը` ես այն կարծիքին են, որ Հանրապետականը պոպուլիզմով չի զբաղվելու եւ ամբողջ կառավարության գործունեության, երկրում տեղի ունեցող պրոցեսների համար պատասխանատվությունը կրում է»: Լրագրողի դիտարկմանը, թե մարտի 1-ի համար դեռ ոչ ոք պատասխան չի տվել, Մինասյանը արձագանքում է. - «Ոչ, բոլորն էլ ասել են, որ դա նախեւառաջ իշխանության եւ ընդդիմության խնդիր է: Ուրիշ բան է, որ մեր դատաիրավական համակարգը առանձին դեպքեր, փաստեր չի կարողացել մինչեւ վերջ պարզել»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Ավարտվում է 2010-ը, եւ հարկ է ասել, որ քաղաքացիական հասարակություն ձեւավորելու գործում Հայաստանը հասել է մեծ հաջողությունների: Այսինքն, ներեցեք, ձեւավորման մասին խոսք լինել չի կարող: Մեզանում քաղաքացիական հասարակությունը այլեւս կայացած փաստ է, եւ կարծում ենք, որ արդեն ժամանակն է մտածելու` արժե՞ շարունակել «քննություն» հանձնել միջազգային կառույցներին: Ստուգեք եւ պարզեք` մեր երկրում գրանցված մոտ 3 հազար հասարակական կազմակերպություններից քանի՞սն է զբաղվում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործով: Ուղիղ կեսը: Եթե սրանց շահառուներին մեկ առ մեկ հաշվենք, կստացվի, որ անգամ քաղաքացիական հասարակության մի պատկառելի էլիտա ունենք: Թեպետ այդ կազմակերպությունների մի մասը դրամաշնորհներից չզրկվելու համար ամեն օր գոռում է, թե մենք դեռ չունենք քաղաքացիական հասարակություն, իսկ մյուսը մասը պնդում, թե այն ձեւավորելու ուղղությամբ ջանքեր են գործադրում, եւ «որոշ ծիլեր» երեւում են, սակայն պետք չէ այդ հայտարարություններն ու գնահատականները սրտին մոտ ընդունել»:

Պանրի գնի կտրուկ թանկացման մասին «Առավոտ» թերթին իր սեփական պարզաբանումներն է ներկայացրել «Բիոկաթ պլյուս» ընկերության եւ Թալինի պանրագործարանի հիմնադիր Գարիկ Սարուխանյանը: «Առանձնապես հիմնավոր» չհամարելով խնդրի վերաբերյալ Գյուղատնտեսության նախարարի բացատրությունները` Սարուխանյանը նշում է. - «Այստեղ մի խնդիր կա, որը մարդիկ այլ ուղղությամբ են բացատրում` որ չհասկացի, թե որտեղ է թաղված շան գլուխը: Միջազգային շուկայում կաթի փոշու գինը 1.5-2 դոլար էր: Տարիներ շարունակ կաթի փոշին ներմուծվում էր ու կաթնամթերք էր ապահովում ամբողջ տարվա համար: Սակայն եղավ պահ, որ միջազգային գները միանգամից թանկացան: Այն կաթը, որը միշտ պանիր էր դարձել ու մտել էր շուկա, սկսեց ծառայել կաթի փոշու տեղ, որ մարդկանց կաթնամթերքի պահանջարկը բավարարվի, իսկ պանիրը դեֆիցիտի պատճառով թանկացավ` սա է խնդիրը: Այն ընկերությունները, որոնք կաթ ու կաթնամթերք էին մատակարարում սպառողներին, իրականում ոչ թե անարատ կաթից, այլ ներկրված կաթի փոշուց արտադրանք էին մատակարարում: Իսկ քանի որ պանիրը կաթի փոշուց չեն կարող ստանալ, այն կաթը, որը պետք է դառնար պանիր, դարձավ այդ սեզոնին ավելի պահանջարկային ապրանք` պաղպաղակ ու այլ ապրանքներ»:

«Ի՞նչ խնդիր ենք լուծում հղիների հաշվին» վերնագրի ներքո «Ազգ»-ը դարձյալ ուշադրություն է հրավիրում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի փոփոխված տարբերակի վրա, ըստ որի, հիշեցնենք, էականորեն նվազելու են բարձր աշխատավարձ ստացող կանանց հղիության արձակուրդի ընթացքում պետության կողմից վճարվելիք նպաստների չափերը: Թերթը համեմատում է. - «Ռուսաստանը մայրության ֆոնդ է ստեղծում, որտեղ ամեն ծնվող երեխայի ապագան միլիոն ռուբլիներով է չափվում, մերոնք ձեռք են զարկել անձեռնմխելի կապիտալին` մայրությանն ու մանկությանը: Հաստատ այս օրենքի նախաձեռնողները տղամարդիկ են, որոնք զուրկ են ասպետական եւ ջենտլմենական շնորհներից կամ գուցե պրագմատիկ ձեւանալով, էմոցիան ուղեղից եւ սրտից հանելով` պարզապես ուզում են սնվել երեխաների կաթի հաշվի՞ն… Միգուցե հիմա, ամեն տարի մայրացող մի քանի հազար կանանց արձակուրդի 40 օրվա վճարը ինչ-որ մի խնդիր լուծելու է երկրում, սակայն սա եւս ամոթալի է` փոխանակ մեր տղամարդիկ արտոնյալ պայմաններ ստեղծեն մեր նոր մայրացող երիտասարդ կանանց ու նորածինների համար` մի բան էլ խլում են նրանց բերանից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG