Մատչելիության հղումներ

Կառավարության օրինագիծը հնարավորություն կտա պայմանագիր կնքել «չճանաչված» Ղարաբաղի հետ


Երեքշաբթի օրը Ազգային ժողովը սկսեց քննարկել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ այդպիսին չճանաչված կազմավորումներին հնարավորություն է տրվում պայմանագրեր կնքել Հայաստանի Հանրապետության հետ:

Կառավարության ներկայացրած այս նախագծում, մասնավորապես, առաջարկվում է հետեւյալ ձեւակերպումը. - «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կողմ կարող են լինել նաեւ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության ոլորտներին առնչվող հարցերով` միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ որպես այդպիսին չճանաչված կազմավորումները»:

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց նախագիծի անհրաժեշտությունը. - «Տվյալ պարագայում մենք արձանագրում ենք, որ այդ պայմանագիրը կնքելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է հանդիսանալ միջազգային պայմանագրի կողմ: Դրանով իսկ մենք շեշտում ենք նրա սուբյեկտությունը»:

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրական գնահատեց նախագիծը:

«Ձեւակերպումը այնքան լայն է, որ հնարավորություն է տալու հետագայում, եթե մենք ուզենանք պայմանագիր կնքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, դա իրականացնենք օրենքով: Սա քայլ է, որը ուղղված է նաեւ միջազգային հանրությանը», - կարծիք հայտնեց Ռուսստամյանը` պարզաբանելով. - «Ցույց ենք տալիս, որ չի բացառվում, որ ինչ-որ մի պահի գնանք նաեւ Ղարաբաղի հետ համապատասխան դաշինքի կնքման»:

Նմանատիպ կարծիք հայտնեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վարդան Բոստանջյանը. - «Աստիճանաբար մենք գալիս ենք [Լեռնային Ղարաբաղի] ճանաչումը հստկորեն ձեւակերպելու խնդիրն»:

Մինչդեռ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «դիվանագիտական եւ քաղաքական մեծ սխալ» է համարում առաջարկվող օրինագիծը, - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազմավորում, կամ միավորում չէ: Այն պետություն է, թեպետ` չճանաչված: Այս օրինագիծը այս ձեւակերպումներով մենք համարում ենք չափազանց վտանգավոր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը սակայն չհամաձայնեց այս տեսակետին:
«Բացարձակապես նման բան չկա: Ինչպե՞ս կարող է մի բան վնասել Ղարաբաղին, որտեղ Ղարաբաղի մասին բան չկա գրած», - ասաց Ռուստամյանը:

Օրինագծի քննարկումը կշարունակվի վաղը:
XS
SM
MD
LG