Մատչելիության հղումներ

Աֆղանստանում հայ խաղաղապահների թիվը կավելանա հինգով


Աֆղանստան -- Հայկական զորախումբը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կունդուզի օդանավակայանում, արխիվ

Աֆղանստան -- Հայկական զորախումբը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կունդուզի օդանավակայանում, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Աֆղանստանում հայ խաղաղապահների թիվը ավելանալու է 5-ով: Պաշտպանության նախարարությունը նախատեսում է խաղաղապահների թիվը ավելացնել 2011-ի կեսերին:

Աֆղանստանում հայաստանցի խաղաղապահների թվի ակնկալվող մեծացման մասին անցած շաբաթ խոսել էին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոն եւ դաշինքում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը:

Հայաստանի զինված ուժերի 40-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով Աֆղանստան է մեկնել այս տարվա փետրվարին: Ստորաբաժանման խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունն ապահովելն է։ Հայկական զորախմբի կազմում ընդգրկված են հրաձիգներ, հրաձիգ-վարորդներ, բժիշկներ:

«Նոր պայմանավորվածությամբ, Աֆղանստան հավելյալ թվաքանակով կմեկնեն բացառապես սպաներ` աֆղանական բանակի անձնակազմին վերազինելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Աֆղանստանում հայկական առաջին զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Արկադի Տոնոյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ճի՞շտ է ավելացնել հայ խաղաղապահների թիվը այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ի կազմում առաքելություն իրականացնող տարբեր պետություններ խոսում են իրենց խաղաղապահներին Աֆղանստանից դուրս բերելու մասին, ռազմական փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց` միանշանակ այո:

«Մենք կարիք չունենք համեմատվելու այդ երկրների հետ: Մենք ավելի շատ շահելու բան ունենք. դա մեծացնում է Հայաստանի ռազմական կարեւորությունը», - համոզմունք հայտնեց փորձագետը:
XS
SM
MD
LG