Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ-ի հաջորդ նախագահողին


Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ Վիլնյուսում հանդիպել են 2011 թվականին ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ:

Լիտվայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Աժուբալիսը հանդիպման մասնակիցներին է փոխանցել ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում հակամարտությունների կանխարգելմանը եւ կարգավորմանը հատուկ ուշադրություն դարձնելու իր մտադրությունը: Նա ընդգծել է, որ պետք է ամրապնդվի ԵԱՀԿ-ի քարտուղարության, հաստատությունների եւ առաքելությունների դերը հակամարտությունների կարգավորման բոլոր փուլերում:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս վիճակին եւ հեռանկարներին, հակամարտությունների կարգավորման վրա դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքների ազդեցությանը:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ փոխադարձ վստահությանը նպաստող քայլերի իրականացման շուրջ:

2010 թվականին ԵԱՀԿ-ում նախագահում է Ղազախստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG