Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղել եվրոպացի պաշտոնյաներին


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 3-ին նամակներ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին եւ մարդու իրավունքների անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկային:

Ինչպես հաղորդում է Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը, նամակներում ընդգծված է դեկտեմբերի 7-ին կայանալիք Եվրամիություն - Հայաստան Մարդու իրավունքների երկխոսության ընթացքում մի քանի կարեւոր հարցերի բարձրացման անհրաժեշտությունը:

Հայաստանի պատվիրակությունը այս երկխոսություն-հանդիպմանը գլխավորում է փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը:

Ընդդիմության առաջնորդի նամակներում նշվում է, որ հեղինակավոր եվրոպական կազմակերպությունները «պետք է լուրջ ջանքեր գործադրեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության իշխանությունները վերջապես կատարեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին չորս բանաձեւերի, Եվրամիության նախագահության 2008 թվականի մարտի 4-ի, մարտի 12-ի եւ 2010 թվականի մարտի 10-ի հայտարարություններում առկա պահանջները»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայականի փոխանցեց, որ Տեր-Պետրոսյանը նամակներում բարձրացրել է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված մի շարք խնդիրներ. - «Ամենացցունը դա քաղբանտարկյալների խնդիրն է: Բարձրացված են մարտի 1-ի սպանությունների բացահայտման հետ կապված հարցերը, որովհետեւ չբացահայտելով` խախտվում են զոհերի իրավահաջորդների իրավունքները: Դրված է նաեւ «Ա1+»-ի բացման հարցը, ինչպես նաեւ հավաքների ազատությունը երաշխավորելու հարցը»:

«Ես ուզում եմ հիշեցնել բոլորին, որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը չեն համարվում ներքին գործ, եւ այդ կապակցությամբ ցանկացած քննարկում չի կարող ընկալվել որպես միջամտություն ներքին գործերին: Դրանք համընդհանուր մտահոգության հարցեր են, ուստի օրինաչափ է Եվրոպական միության հետաքրքրությունը այդ հարցերի վերաբերյալ», - հավելեց Զուրաբյանը:

Անդրադառնալով հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մինչեւ այժմ ազատազրկման մեջ գտնվող ընդդիմադիրների ճակատագրին` Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ ժողովրդական շարժման եւ արտաքին ճնշումների շնորհիվ նրանք ազատ են արձակվելու: Այս հարցի շուրջ, ընդդիմադիր գործչի խոսքով, Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ կան ոչ միայն եվրոպական կառույցներից, այլեւ Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG