Մատչելիության հղումներ

Իսրայելը եւ Թուրքիան փորձում են վերականգնել երբեմնի հարաբերությունները


Թուրքիայի եւ Իսրայելի պետական դրոշները

Թուրքիայի եւ Իսրայելի պետական դրոշները

Ամիսներ շարունակված դիվանագիտական սկանդալից ու միմյանց հասցեին լուրջ քննադատական հայտարարություններից հետո վաղեմի դաշնակիցներ Իսրայելն ու Թուրքիան այժմ փորձում են վերականգնել երբեմնի հարաբերությունները։

Իսրայելի ռադիոն, համենայնդեպս, պնդում է, թե երկու երկրների դիվանագետները անցած շաբաթավերջին Ժնեւում գաղտնի բանակցություններ են վարել այդ հարցի շուրջ։

Երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը սկիզբ առավ այս տարվա մայիսին, երբ իսրայելական զինուժը գրոհեց Գազայի հատված մարդասիրական բեռներ փոխադրող «Ազատության նավատորմիղի» վրա` պնդելով, թե այն հումանիտար օգնությունից բացի նաեւ զենք է տեղափոխում Պաղեստին։

Զինված հարձակման արդյունքում առավելապես տուժեց թուրքական Mavi Marmara նավը, 9 մարդ զոհվեց` հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ։

Արյունալի միջադեպից անմիջապես հետո պաշտոնական Անկարան ետ կանչեց Թել Ավիվից իր դեսպանին եւ պահանջեց Իսրայելից պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար։

Իսրայելը մինչ օրս պնդում է, թե ստիպված է գնացել այդ քայլին` սեփական անվտանգությունը ապահովելու համար, այդուամենայնիվ, չի թաքցնում, որ ուզում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ։

«Երուսաղեմը խորապես ափսոսում է հարաբերությունների վատթարացման համար եւ համոզված է, որ դրանց վերականգնումը բխում է թե' Թուրքիայի, թե' Իսրայելի շահերից», - գերմանական DPA գործակալությանն ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` անանուն մնալու պայմանով։

Առայժմ կողմերից որեւէ մեկը չի հաստատում, բայց եւ չի հերքում Ժնեւում գաղտնի բանակցություններ վարելու մասին տեղեկատվությունը։ Արեւմտյան լրատվամիջոցները, սակայն, փաստում են, որ դրանցից առաջ արդեն կողմերի միջեւ հարաբերությունների կարգավորման նշաններ էին սկսել ի հայտ գալ. Թուրքիան, մասնավորապես, օգնության ձեռք էր մեկնել Իսրայելին` երկրի հյուսիսում մոլեգնող հրդեհները մարելու գործում, ինչի համար Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն անձամբ շնորհակալություն էր հայտնել Ռեջեփ Էրդողանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG