Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն արգելել է Հեյդար Ալիեւի մասին պատմող գրքի տարածումն ու վաճառքը


Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւ

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւ

«Ազատությունից բռնապետություն». - այսպես է կոչվում Բաքվում Թուրքիայի դեսպանատան նախկին աշխատակից Թուրգութ Էրի գիրքը, որը ամբողջությամբ նվիրված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի քաղաքական կենսագրությանը:

Գրքում բավական մանրամասնորեն լուսաբանված է Ալիեւի գործունեությունը խորհրդային Ադրբեջանի Պետանվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնում, ինչպես նաեւ կոռուպցիոն բնույթի այն մեղադրանքները, որ ներկայացվել էին նրան 80-ականների վերջին:

Գրքի լույսընծայումից անմիջապես հետո թուրք հեղինակի նկատմամբ Ադրբեջանում իսկական քարոզչական արշավ է սկսվել: Թուրգութ Էրին նույնիսկ մեղադրում են հայերի քաղաքական պատվերը կատարելու մեջ:

Ինքը պաշտոնաթող թուրք դիվանագետը, ով 1994 - 2000 թվականներին Բաքվում Թուրքիայի դեսպանատանը աշխատել է որպես մամուլի հարցերով
Թուրգութ Էր
խորհրդական, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է. - «Ծիծաղ են առաջացնում այն մեղադրանքները, թե ես իբր համագործակցում եմ հայերի հետ: Ես, ասենք, արտատպել եմ Դաշնակցության առաջնորդներից մեկի` «Այնա» թերթին տված հարցազրույցը, որում նա նշել է, թե Քրդական բանվորական կուսակցության ստեղծման գործում դերակատարություն է ունեցել Ադրբեջանի Պետանվտանգության կոմիտեն: Ի՞նչ է, ես պետք է թաքցնեի՞ այդ փաստը: Բացի այդ, իմ գրքում մեծ հատվածներ են տեղ գտել Հեյդար Ալիեւի կողմից 70-ականներին գրված մի գրքից: Այդ գիրքը կոչվում էր «Կոմունիզմի գործի աննկուն մարտիկը» եւ նվիրված էր Ստեփան Շահումյանին: Ի՞նչ է, ես պետք է թաքցնեի՞ դա: Պարզապես իմ գրքի ի հայտ գալով ադրբեջանական իշխանությունները զրկվում են պատմությունը խեղաթյուրելու հնարավորությունից»:

Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հանրությանը ներկայացնել ոչ միայն խորհրդային շրջանի, այլեւ 90-ականների պատմության խմբագրած տարբերակը:

«Օրինակ, ես ուզում եմ մի այսպիսի հարց տալ. ի՞նչ տեղի ունեցավ 1993 թվականի հունիսից մինչեւ 94-ի մայիսն ընկած ժամանակահատվածում: Հայերին հանձնվեցին 6-7 շրջանները: Ո՞վ է մեղավոր` ե՞ս, որ գրում եմ այդ մասին, թե՞ նրանք, ովքեր գնացին այդ քայլին», - ասում է Թուրգութ Էրը:

Թուրք դիվանագետի գրքի ի հայտ գալը ստիպեց մի շարք ադրբեջանցի պատգամավորների լրջորեն մտածել «Ազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի մասին» օրենքի մշակման անհրաժեշտության մասին: Եթե նման օրենք ընդունվի, ապա Ադրբեջանի նախկին նախագահի կարգավիճակը հավասարազոր կլինի այն դիրքին, որն այսօր Թուրքիայում ունի Քեմալ Աթաթուրքը: «Նման քայլը գրեթե անհնարին կդարձնի քննադատությունը Ալիեւի հասցեին», - նշում են Բաքվում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG