Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 7-ի մամուլ


Անդրադառնալով Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարելիցին` «Ժամանակ»-ը գրում է. - «Երկրաշարժից 22 տարի անց Հայաստանում ոչ միայն չի վերականգնվել ֆիզիկական աղետի պատճառած վնասը, այլ նաեւ աղետի է ենթարկվել մարդկային բարոյականությունը: Աղետի գոտին, որը վերածվել է մարդկային ողբերգությունների հուշարձանի, հանդիսանում է իշխանական տարատեսակ սպեկուլյացիաների առարկա: Առայսօր հազարավոր մարդիկ ապրում են տնակներում, անմխիթար վիճակում, չունեն մոտավոր տեսլական, թե երբ կունենան մարդավարի պայմաններում ապրելու հնարավորություն, մինչդեռ իշխանությունները վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ հայտարարել են, թե իբր աղետի գոտի հասկացություն այլեւս չկա»:

Ծավալուն հրապարակմամբ երկրաշարժի 22-րդ տարելիցին է անդրադարձել նաեւ «Հայոց Աշխարհ»-ը: Ներկայացնելով վերջին տարիներին Հայաստանի աղետյալ շրջաններում արձանագրված «էական տեղաշարժերը»` թերթն ամփոփում է. - «Խնդրի հաղթահարման բովանդակային արդյունքներից մեկն էլ այն եղավ, որ մի ամբողջ տասնամյակ, նաեւ դրանից հետո շարունակվող հետեւողական վերականգնումը թույլ տվեց որոշակիորեն շտկել երկրի մեջքը։ Եվ այդ շարունակական վերականգնման ընթացքն էր, որ իր հետ, բնականորեն ու աստիճանաբար, վերափոխեց մարդկանց մոտեցումներն ու ընկալումները` մղելով, որ ավելի մեծ պահանջներ ու նպատակներ դնեն ինչպես ղեկավարների, այնպես էլ իրենք իրենց առջեւ։ Խավարն անիծողները մոմ վառողներին առանձնապես լավ չեն վերաբերվում, բայց մնացած բոլորը ճանապարհը գտնում են ոչ թե անեծքի ձայնով, այլ մոմի լույսով»։

«Ազգ»-ը գրում է. - «Սպիտակի երկրաշարժից հետո ծնված երեխաներն այսօր 20-21 տարեկան են: Մի ողջ սերունդ մեծացավ` լսելով երկրաշարժի մասին ահասարսուռ պատմությունները, բնակարանի կորուստի հետեւանքով մաշկի վրա զգալով վագոն-տնակային կյանքի բոլոր «հաճույքները»: Այդ նոր սերնդից անգամ ամուսնացողներ եւ զավակ ունեցողներ կան, ու նրանց համար կարեւոր է իրենց զավակներին պատմել ոչ թե երկրաշարժի սարսափները, ինչպես իրենց էին պատմում, այլ գեղեցիկ ու լուսավոր պատմություններ: Այդ նոր սերունդը ձգտում է ազատագրվել «երկրաշարժի սերունդ» որակումից, ձգտում է ապրել սովորական, մարդկային կյանքով: Բայց դրա համար ավագները եւս պետք է ազատագրվեն երկրաշարժի դաջից, ճակատի գրից` «երկրաշարժեն հետո եւ առաջ», մինչդեռ այսօր էլ երկրաշարժի գոտու բնակիչների ամենառաջնահերթ` բնակարանային խնդիրներն այդպես էլ մինչեւ վերջ չեն լուծվել»:

Այսօրվանից վերահրատարակվող «Երկիր» օրաթերթը, որը այլեւս չի հանդիսանում ՀՅԴ պաշտոնաթերթ, իր առաջին համարում անդրադարձել է ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովին. - «Մեծ հաշվով Աստանայում ոչ մի էական արդյունք Հայաստանը չի ունեցել: Մադրիդյան սկզբունքներից որեւէ մեկին նախապատվություն չտալու դիրքորոշումը որպես հաջողություն ներկայացնելն ընդամենն ապացուցում է, որ մինչ այդ իրենց իսկ անփութության ու սխալ ուղեգծի պատճառով տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային հանրության կողմից ավելի առաջնային է դիտարկվել, ու Երեւանին ընդամենը հաջողվել է շատ անորոշ ձեւակերպումների գնով սրբագրել թույլ տված սխալը»:

«168 ժամ» թերթին հարցազրույց է տվել հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը: «Հայաստանում արդյունաբերությունը վերջին 10 տարում 5%-ից ավելի չի աճել։ Դա մոնոպոլիզացիայի պատճառով է։ Որովհետեւ մոնոպոլիաներին արդյունաբերություն պետք չէ: Մոնոպոլիզացիան Հայաստանում հիմնականում վերաբերում է ներմուծմանը, քանի որ ամենամեծ գումարները կարելի է աշխատել հենց ներմուծումների ճանապարհով»: Ըստ հեղինակավոր տնտեսագետի, մոնոպոլիզացիայի նման մակարդակը չափազանց վտանգավոր է, քանի որ խոչընդոտում է տնտեսության` առաջին հերթին արդյունաբերության զարգացմանը։ Աղանբեգյանն անդրադարձել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարվող եւ իշխանությունների կողմից մշտապես գովերգվող քաղաքականությանը: «Այն քաղաքականությունը, որը ԿԲ-ն մինչեւ ճգնաժամն իրականացնում էր դրամի առումով, իմ կարծիքով՝ ծայրահեղ վնասակար էր ՀՀ տնտեսության համար։ Քանի որ դրամն ակնհայտորեն գերարժեվորված էր եւ բերեց նրան, որ արդյունաբերությամբ զբաղվելը դարձավ ոչ շահավետ։ Հայաստանից դուրս եկան ամբողջական ոլորտներ։ Հայաստանում բավականին զարգացած էր ադամանդագործությունը։ Հայաստանը կարող էր զարգանալ որպես ոսկերչական իրերի, ալմաստի մշակման կենտրոն. ամեն ինչ տանում էր դրան։ Հայաստանում անգամ ցանկանում էին ալմաստի բորսա բացել։ Սակայն դա տեղի չունեցավ փոխարժեքի պատճառով»,- հայտարարել է ակադեմիկոսը` հերթական անգամ շեշտելով` անհրաժեշտ է այնպիսի դրամավարկային քաղաքականություն իրականացնել, որ «ձեռտնու լինի զբաղվել արտադրությամբ եւ ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG