Մատչելիության հղումներ

Միջազգային ավիացիոն կազմակերպության վերջին ստուգումները վկայում են, որ միջազգային ասպարեզում Հայաստանի ավիացիան «եթե ոչ փայլուն, ապա գոնե լավ վիճակում է»:

Քաղավիացիայի միջազգային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը «Հայաերոնավիգացիա» ընկերության թռիչքային անվտանգության աուդիտ բաժնի պետ Արայիկ Աբգարյանը հավելեց. - «Մենք այսօրվա դրությամբ չունենք նախկին Սովետական Միությունում արտադրված ինքնաթիռներ: Ես չէի ասեի, որ սովետական արտադրության ինքնաթիռները վատն են: Ուղղակի սովետական արտադրության ինքնաթիռները այսօրվա դրությամբ չէին համապատասխանում [այն] միջազգային ստանդարտներին, որոնք մենք ընդունում ենք:«Բոինգ» եւ «Էյրբաս» տիպի ինքնաթիռներ ենք շահագործում: Ինքնաթիռները բավականին լավ վիճակում են: Եթե 5 տարի առաջ 4 ինքնաթիռ էր, այսօր` 13-14»:

Հայաստանը 1994-95 թվականներին ուներ տարանցիկ չվերթներ իրականացնելու փորձ: Հետագայում, սակայն, դրա հետ կապված լուրջ խնդիրներ ծագեցին, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանը չուներ տարանցիկ ուղեւորներին սպասարկելու համար համապատասխան պայմաններ:

Ըստ Արայիկ Աբգարյանի, Հայաստանից տարանցիկ չվերթների իրականացումը հնարավոր կլինի նաեւ մեկ ազգային ավիափոխադրողի եւ 13 ինքնաթիռների առկայության պարագայում. դրա համար անհրաժեշտ կլինի միայն օտարերկրյա ավիաընկերությունների հետ ուղեւորների փոխանակման մասին պայմանագրեր կնքել:

«Այսօրվա դրությամբ ժամանող սրահը պատրաստ է լրիվ, մեկնողը [սրահը]պատրաստ կլինի եկող տարի», - հայտարարեց նա:

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ստորագրված «Բաց երկինք» համաձայնագրի համաձայն, երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների մասին հարցին (որոնք պետք է իրականացվեին դեռ անցած տարվանից) «Հայաերոնավիգացիա» ընկերության թռիչքային անվտանգության աուդիտ բաժնի պետը արձագանքեց, թե դա «այնքան էլ հեշտ գործ չէ, պահանջում է «հատուկ թույլտվություն, ինքնաթիռներ եւ օդաչուների համապատասխան փորձ»:

Նա վստահեցրեց, որ «այդ գործընթացը ուժի մեջ է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG