Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է կրթության ոլորտի խնդիրները


Առավելապես կրթության ոլորտի հիմնախնդիրներն են քննարկվել Հանրային խորհրդի անդամների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը արդյունավետ է համարել նման ձեւաչափով հանդիպումները, երբ հիմնական ուշադրությունը բեւեռվում է ընտրված որոշակի մեկ-երկու հարցի վրա` հնարավորություն ընձեռելով համակողմանիորեն անդրադառնալ քննարկվող հարցերին ու ներկայացված առաջարկություններին:

«Կարծում եմ, որ մենք 2011 թվականի առաջին եռամսյակում կփորձենք ի մի բերել մեր աշխատանքը, տեսնել, թե ի՞նչ ենք կարողացել անել: Ես էլ կփորձեմ ձեզ ներկայացնել, թե իմ առօրյա աշխատանքում ինչպե՞ս եմ հաշվի առնում այն խնդիրները, որոնք անհանգստացնում են ձեզ, մեր հանրությանը», - ասել է նախագահը` հավելելով. - «Մենք Հանրային խորհուրդն ստեղծել ենք, որպեսզի կարողանանք ապահովել հետադարձ կապը, կարողանանք մեր աշխատանքում հաշվի առնել հասարակության բոլոր այն շերտերի կարծիքը, որոնք ընդգրկված չեն այլ ընտրովի կամ ներկայացուցչական մարմիններում»:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի անցած ամիսների գործունեությունը, նշելով, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց ամենաշատը մտահոգող խնդիրներն ու քննարկել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG