Մատչելիության հղումներ

«Ժողովրդական հեռուստատեսության» հիմնադրամում հանգանակվել է 3.5 միլիոն դրամ


«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները լրագրողների հետ հանդիպմանը: 6-ը դեկտեմբերի, 2010թ.
«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները լրագրողների հետ հանդիպմանը: 6-ը դեկտեմբերի, 2010թ.

Այս տարի ավելի վաղ` հոկտեմբերին ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսության» հիմնադրամին Հայաստանի ավելի քան 20 հազար քաղաքացիներ արդեն նվիրաբերել են շուրջ 3.5 միլիոն դրամ:

Հիմնադրամի ներկայացուցիչները երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ իրականացնելու են իրենց ծրագիրը` անկախ դեկտեմբերի 16-ին կայանալիք հեռուստահաճախությունների մրցույթի արդյունքներից:

Հիմնադրամը, հիշեցնենք, նպատակ ունի ստեղծել այլընտրանքային «Ժողովրդական հեռուստատեսություն», որը պետք է գործի «Ա1+» հեռուստաընկերության հետ համատեղ:

Ստեղծվելիք հեռուստատեսությունը, ըստ նախաձեռնողների, ունենալու է լրատվական եւ վերլուծական բովանդակություն եւ, որ ամենակարեւորն է` ապահովելու է բազմակողմանի տեղեկատվություն:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը դեկտեմբերի 16-ին հրապարակելու է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները:

2003 թվականին թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին եթերազրկվելուց հետո «Ա1+» հեռուստաընկերությունը 13-րդ անգամ է մասնակցում հեռուստահաճախությունների մրցույթին:

«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե նախորդ մրցույթների համեմատ, այսօր նոր իրավիճակ է ստեղծվել, ինչը «գուցեեւ իշխանություններին ստիպի եթեր վերադարձնել «Ա1+»-ին»:

«Ես համաձայն եմ, որ դժվար թե ՀՌԱՀ-ը որոշում կայացնի, որը հակառակ է գնում, ասենք, իշխանությունների ցանկությանը: Դա բացառվում է: Բայց մենք շատ լավ հասկանում ենք ե'ւ միջազգային ճնշման հանգամանքը ինչպիսի ազդեցություն է սովորաբար ունենում իշխանությունների որոշումների վրա, ե'ւ, ի վերջո, նախորդ մրցույթների համեմատ, մենք ունենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը», -նշեց Նավասարդյանը` չբացառելով, որ այդ նոր իրավիճակում կլինի նաեւ այլ որոշում»:

Հոգաբարձուների խորհրդի մեկ այլ անդամ` Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի կարծիքով նույնպես, միջազգային կառույցների ճնշումների ներքո Հայաստանի իշխանությունները «գուցե փորձեն ազատվել իրենց համար արդեն գլխացավանք դարձած «Ա1+»-ի խնդրից»:

«Այս եւ մի քանի այլ նկատառումներ են ինձ հուշում, որ նախագահական պալատը այս անգամ գիտակցության կգա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գալստյանը:

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը հույս հայտնեց, թե իրենց կհաջողվի հաղթել մրցույթում:

«Ա1+»-ի մրցակիցը, հիշեցնենք, «Արմնյուզ» հեռուստաընկերությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG