Մատչելիության հղումներ

Պետական ծառայությունը ավարտելուց հետո Քլինթոնը կվերադառնա փաստաբանի աշխատանքին


Բահրեյն - Հիլարի Քլինթոնը ասուլիս է տալիս Մանամայում, 3-ը դեկտեմբերի, 2010թ.
Բահրեյն - Հիլարի Քլինթոնը ասուլիս է տալիս Մանամայում, 3-ը դեկտեմբերի, 2010թ.
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անցած ուրբաթ օրը Բահրեյնում ասել է, որ ավարտելով պետական ծառայությունը` ինքը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա փաստաբանի աշխատանքին, մասնավորապես` կզբաղվի կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությամբ:

Բահրեյնում պետքարտուղարը մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված Պարսից ծոցի անվտանգության հարցերով խորհրդաժողովին:

«Կարծում եմ, պետքարտուղարի պաշտոնում իմ աշխատանքը ինձ համար կդառնա հանրային վերջին պաշտոնը: Պետդեպարտամենտից հետո ես կանանց եւ երեխաների իրավունքներով եմ զբաղվելու», - ասել է Միացյալ Նահանգների թիվ մեկ դիվանագետը եւ ավելացրել. - «Տեսեք, աշխարհի տարբեր մասերում ինչեր են պատահում կանանց հետ` դա ողբերգություն է, դա սարսափելի է»:

Հիլարի Քլինթոնը ավարտել է Ուելեսլիի իգական քոլեջը, ապա` Յեյլի համալսարանի իրավաբանության բաժինը, եւ իր կարիերան սկսել է «Երեխաների պաշտպանության հիմնադրամ» անվամբ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում:

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Բարաք Օբամայից 2008 թվականի ներկուսակցական ընտրություններում պարտություն կրած Հիլարի Քլինթոնին հաճախ են հարցրել` արդյոք նա չի՞ ցանկանում առաջադրվել 2012 թվականին: Բահրեյնում նույն հարցը եւս մեկ անգամ հնչել է, ինչին 63-ամյա պետքարտուղարը արձագանքել է. - «Ոչ, ոչ, չունեմ այդպիսի ցանկություն»:

Քլինթոնը ասել է, թե շատ գոհ է իր հանրային աշխատանքից: «Կարիերան հետաքրքիր էր եւ օգտակար», - նշել է նա` հիշեցնելով, որ ամուսնու` Բիլ Քլինթոնի նախագահության օրոք 8 տարի եղել է ԱՄՆ-ի առաջին տիկնոջ կարգավիճակում, 8 տարի սենատոր է եղել, իսկ 2011 թվականին լրանալու է Պետդեպարտամենտը ղեկավարելու երրորդ տարին:

Այդուհանդերձ, պետքարտուղարը չի ասել, թե երբ է հեռանալու Պետդեպարտամենտից: Եթե Բարաք Օբաման 2012 թվականին վերընտրվի, տեսականորեն Հիլարի Քլինթոնը կարող է շարունակել իր ներկայիս աշխատանքը եւ իրավաբանության ասպարեզ վերադառնալ 2016 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG