Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ ՀԺԿ-ի 7-րդ համագումարը


Շաբաթ օրը տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) 7-րդ համագումարը, որտեղ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Տասներկու տարի շարունակ ՀԺԿ-ն հանդիսացել է երկրի քաղաքական կյանքի մշտական գործոններից մեկը: Դոմինանտ դեր է խաղացել 1998 եւ 2003 թվականների նախագահական եւ 1999-ի խորհրդարանական ընտրություններում: Հսկայական ավանդ է ներդրել 2007-ին ծնունդ առած Համաժողովրդական շարժման եւ Հայ Ազգային Կոնգրեսի ձեւավորման գործում», - գնահատելով կուսակցության անցած ուղին` ասաց Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով, առանց ՀԺԿ-ի մասնակցության ո'չ համաժողովրդական շարժումը, ո'չ էլ Կոնգրեսը չէին ունենա այն ընգրկումն ու հզորությունը, որ ձեռք են բերել ու շարունակում են պահպանել մինչ օրս, ինչի համար էլ Հայաստանի առաջին նախագահը Հայ ազգային կոնգրեսի անունից շնորհակալություն հայտնեց կուսակցության անդամներին ու համակիրներին` նրանց մաղթելով նույն ակտիվությամբ շարունակել համատեղ ձեռնարկած գործը:

«Որը պարտավոր ենք միասնաբար հասցնել իր հաղթական ավարտին», - շեշտեց ընդդիմության առաջնորդը` արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին:

Օգտագործելով պատեհ առիթը` Հայ ազգային կոնգրեսի հիմնադիրը անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի հասցեին հնչող «շինծու մեղադրանքին», թե դաշինքը, կազմված լինելով տարբեր գաղափարախոսություններ ներկայացնող կուսակցություններից, իբր ընդհանրապես չունի որեւէ գաղափարախոսություն կամ ծրագիր, բացի` իշխանության ինքնանպատակ ձգտումից:

«Այդպես դատողները կա՛մ պատկերացում չունեն գաղափարախոսության մասին, կա՛մ այդ հասկացությունը նրանց համար բոլորովին այլ բան է նշանակում, կա՛մ էլ դիտավորյալ աղավաղում են նրա էությունը», - նշեց Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ՀԺԿի 7-րդ համագումարում:
Ներկայացնելով գաղափարախոսություն եզրույթի իմաստը` ՀԱԿ-ի հիմնադիրը չժխտեց, որ Կոնգրեսի կազմում կան տարբեր գաղափարախոսություններ դավանող ուժեր` շարունակելով. - «Ավելին, Կոնգրեսի հռչակագիրը ոչ միայն չի կաշկանդում իր անդամ-կուսակցությունների ինքնուրույնությունը, այլեւ երաշխավորում է նրանց գործունեության լիակատար անկախությունը»։

«Ո՞րն է, արդ, այն միավորող գաղափարախոսությունը կամ քաղաքական ծրագիրը, որը երկուսուկես տարի շարունակ ապահովում է Կոնգրեսի անժխտելի կենսունակությունն ու վճռորոշ դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, կամ ի՞նչն է Կոնգրեսին անդամագրված ուժերին ստիպում իրենց կուսակցական շահերն ստորադասել մի ավելի գերակա խնդրի։ Այդ գերակա խնդիրը ոչ այլ ինչ է, եթե ոչ երկիրը կործանումից փրկելու հրամայականը, այն է՝ ավազակապետության կազմաքանդումը եւ սահմանադրական կարգի վերականգնումը», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Եզրափակելով իր ելույթը` ընդդիմության առաջնորդը ՀԺԿ-ին մաղթեց կուսակցության շարքերի խտացում եւ ընդլայնում` «քաջ գիտակցելով, որ իր կազմում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի հզորացումը նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի հզորացման երաշխիքն է եւ նրա վերջնական հաղթանակի գրավականը»:

ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը եւս իր ելույթում անդրադարձավ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «շատ էական տարբերություններ ունեցող կուսակցությունների» խնդրին` ասելով, որ դա չի խանգարում, որ այդ բոլոր ուժերը պայքարեն երկրում սահմանադրական կարգի հաստատման համար:

«ՀԱԿ-ը անթերի կառույց չէ եւ միաժամանակ դրական քայլ կհամարվի գաղափարական հիմքի վրա կոնգրեսում ընդգրկված կուսակցությունների միաձուլումը, ինչը պետք է տեղի ունենա բնականոն ճանապարհով», - ասաց Դեմիրճյանը:

Ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, ապա Դեմիրճյանի գնահատմամբ` արդար եւ ազատ ընտրությունների ապահովումը լավագույն երկխոսությունն է, ինչն էլ երկիրը դուրս կբերի ստեղծված իրավիճակից:

Համագումարն ընտրեց կուսակցության վարչության նոր կազմը: Ստեփան Դեմիրճյանը վերընտրվեց ՀԺԿ-ի ղեկավարի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG