Մատչելիության հղումներ

Ամանորից առաջ հավկիթը «նույնիսկ մեկ լումայով չի թանկանա»


Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը (ձ) եւ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը լրագրողների հետ հանդիպմանը: 4-ը դեկտեմբերի, 2010թ.

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը (ձ) եւ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը լրագրողների հետ հանդիպմանը: 4-ը դեկտեմբերի, 2010թ.

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանում Ամանորի նախաշեմին հավկիթը նույնիսկ մեկ լումայով չի թանկանալ:

Նա տեղեկացրեց, որ շուկայում այսօր հավկիթի մանրածախ գինը տատանվում է 50-60 դրամի սահմաններում։

«Այսօր դեկտեմբերի 4-ն է, լավ հիշեք տրված խոստումը», - Եփրեմյանի հայտարարությանն ի պատասխան լրագրողներին հորդորեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններին նախագահականից հրահանգ է իջեցվել ձվի գինը չբարձրացնել 50 դրամից (հակառակ դեպքում այդ բիզնեսով զբաղվող գործարարների առջեւ մեծ խնդիրներ կհարուցվեն)` Մանասե Եփրեմյանը արձագանքեց. - «Եթե այդ հրահանգը լիներ, անվերապահորեն կկատարեի: Իրականում հրահանգ չի եղել, ոչ էլ պարտադրանք: Գները ինչպես կային, այդպես էլ պահպանվել են»:

Նրա խոսքով, այսօր ունենք ամռան էժամացումից հետո վերականգնված, «իրականությանը հարիր» գներ, իսկ անկումը ամենեւին էլ դեմպինգ` գնի նվազեցման միջոցով մրցակիցներին դուրս մղելու հնարք չէր, այլ «տնտեսվարող սուբյեկտների սխալ քաղաքականության հետեւանքով առաջացած ձվի գերարտադրություն»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե փաստորեն, ստացվում է, որ տնտեսվարողները տեղյակ չեն շուկայի ամենահասարակ` պահանջարկ-առաջարկի կանոնից, միեւնույն ժամանակ նպատակադրված միջոցներ են վատնում գերարտադրություն ապահովելու համար, Եփրեմյանը արձագանքեց. - «Համաձայն եմ ձեզ հետ, որ բավականին էլեմենտար, շուկայագիտությանը վերաբերող հարցերին մենք տեղյակ չէինք: Այնպես որ, թույլ տվեք քիչ-քիչ սովորել»:

Հայաստանում մեկ շնչին տարեկան բաժին է ընկնում 210 ձու: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել էր մոտ 350 միլիոն ձու, ինչը շուրջ 30 տոկոսով գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը։

Հունիսի 28-ի նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել նաեւ անհրաժեշտ մակնշում չկատարելու եւ դրա հետեւանքով անբարեխիղճ մրցակցության համար 500 հազարական դրամի չափով տուգանել ձու արտադրող 5 ընկերության, դրանց թվում նաեւ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան: Ավելի ուշ այս ընկերությունը նաեւ տուգանվել էր 5 միլիոն դրամով` անբարեխիղճ մրցակցության համար: Ընկերության սեփականատերերը վիճարկել են հանձնաժողովի որոշումը, հայցը քննվելու է Վարչական դատարանում դեկտեմբերի 23-ին:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը, սակայն, նշեց, որ գների դեմփինգը հիմնականում ուղղված էր ավելի փոքր ձեռնարկությունների դեմ` հավելելով, թե պետական հանձնաժողովի տույժերի միաչափ սահմանունը բոլոր ձեռնարկությունների համար բերել է նրան, որ ձեռնարկություններից մեկը, որին պատկանում էր ձվի շուկայի արտադրանքի մոտ 3%-ը, այժմ սնանկ է ճանաչվել։

Պողոսյանի կարծիքով, գերարտադրության դեպքում պետք էր ավելացված քանակը արտահանել:

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը այս կապակցությամբ նշեց, թե Հայաստանը այսօր ձու չի արտահանում, քանի որ գնորդ չկա:

XS
SM
MD
LG