Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 4-ի մամուլ


Նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ասում է. - «Վստահ եմ, որ Աստանայից հետո ռազմական հռետորաբանությունը շատ վտանգավոր կլինի հենց Ադրբեջանի համար, որովհետեւ շարունակել այդ ուղեգիծը` նշանակում է ձեռնոց նետել ոչ թե Հայաստանին, այլ համանախագահող երկրներին` Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը, ի դեմս Ֆրանսիայի, ԵԱՀԿ-ին եւ ԵԱՀԿ անդամ 56 երկրներին։ Աստանան այդ առումով, անկասկած, պատմության մեջ կմտնի որպես լրջագույն հանգրվան Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, որը շանս տվեց կողմերին` շարունակելու եւ ակտիվացնելու գործընթացն այլեւս ընդունված ելակետային մոտեցումների հիման վրա»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը իբրեւ Աստանայի գագաթնաժողովի հիմնական արդյունք է արձանագրում այն, որ կազմակերպությունը «մեռած է»: Հոդվածագիրը բխեցնում է. - ««Ամփոփիչ փաստաթղթերի» տեքստի շուրջ բանավեճը շարունակվեց մինչեւ կեսգիշեր, եւ արդյունքում ընդունվեց անորոշ ձեւակերպումներով լի ինչ-որ փաստաթուղթ, որտեղ միակ հստակ ձեւակերպումն այն է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման: Ուշադրություն դարձրեք` սա ինքնին բավականին տխմար պնդում է, որովհետեւ քաղաքակրթության երեքհազարամյա պատմության ընթացքում միշտ եւ ամենուրեք բոլոր տեսակի հակամարտությունները հանգուցալուծվել են բացառապես ուժի կիրառման միջոցով: Ավելին` ԵԱՀԿ «հիմնական անդամները» իրենք բազմիցս հենց այդպես էլ վարվել են: Ամերիկացիները, չգիտես ինչու, ուժ են կիրառել ե'ւ Բալկաններում, ե'ւ Իրաքում, ե'ւ Աֆղանստանում: Ռուսները նույնն արել են ե'ւ Մոլդովայում, ե'ւ Օսեթիայում: Ու հասկանալի չէ, թե ինչու պիտի սրանից հետո խաղի կանոնները փոխվեն: Այսինքն` Աստանայում որպես եզրափակիչ փաստաթուղթ ընդունվեց մի ձեւական թղթի կտոր, որին ոչ մեկը լուրջ չի վերաբերվում»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած մրցույթի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 16-ին: Այս առիթով «Հրապարակ»-ը զրուցել է «ԱԼՄ հոլդինգ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանի հետ: Դիտարկմանը, թե վերջին շրջանում ԱԼՄ-ի լրատվականն ավելի սուր է քննադատվում, եւ խոսակցություններ կան, թե դա հեռուստաընկերության «կարապի երգն» է, եւ այդ պատճառով ինքը ոչ մեկին չի խնայում, Կարապետյանը արձագանքում է. - «Ես չէի ասի, թե վիճակն է թելադրում, ասենք` բազմակարծություն ապահովել, որովհետեւ սուր` նայած որ տեսանկյունից: Օրինակ, իմ հաղորդումներով լավին լավ են ասում, վատին` վատ: Երկար ժամանակ այդպես է: Ես չեմ փնտրում ինչ-որ մի բան, որի վրա սեւեռվեմ վատ, նեգատիվ առումով: Ի դեպ, լավատեսորեն եմ տրամադրված, որովհետեւ մենք ձայնագրել ենք «Երեւան TV»-ի բիզնես պլանը եւ մերը: Մեր մասնագետները համեմատել են: Գիտեք ինչ` մաքուրով հաղթում եմ ե'ւ կադրային առումով, ե'ւ ծրագրային: Մենք կրկնակի աշխատող ունենք, ունենք 10 տաղավար: Ֆինանսականը իրենցը 400 հազար է, մերը` 600 հազար: Ամեն դեպքում, մենք մաքուրով իրենցից առավել ենք: Ո՞նց կարող են մեզ զրկել: Եթե միտումնավոր անեն` ուրիշ բան»:

«168 ժամ»-ը գնահատում է պանրի շուկայում իրականացված հետազոտությունների արդյունքները. - «Հայաստանի պանիր արտադրող 16 առավել խոշոր ընկերությունները շուրջ 10 անգամ նվազեցրել են իրական շրջանառության ծավալները: Այսինքն` կոնկրետ պանրի շուկայում առկա է ոչ թե սովորական ստվերային շրջանառություն, այլ խայտառակ մեծ ծավալի ստվերայնություն: Ամենաուշագրավն այն է, որ նման տվյալներ հրապարակում է պետական այն կառույցը, որի հիմնական գործառույթը ստվերային տնտեսության սկզբնաղբյուրներից մեկը համարվող մենաշնորհների դեմ պայքարն է: Այսինքն` եթե խոշոր պանիր արտադրողները Վիճվարչության հետ «աշխատում են»` 10 անգամ նվազեցնելով արտադրական ծավալները, ապա կարելի է ենթադրել, որ մյուս շուկաների սուբյեկտները եւս այդ համամասնությամբ են ներկայացնում իրենց ցուցանիշները: Այնպես որ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին պետք է ընդամենը շնորհակալություն հայտնել ստվերային տնտեսության մասին մինչեւ այժմ հնչող փորձագիտական գնահատականները պաշտոնապես արձանագրելու համար»:

«Կապիտալ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի գնահատականները. - « Գների բարձր մակարդակը առաջնային խնդիր է ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։ Հայաստանում գնաճային ճնշումները մեծ են հատկապես սննդամթերքի վրա: Չնայած գնաճային ճնշումները նվազելու են, բայց մնալու են որպես հիմնական խնդիր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG