Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմությունը բողոքի ցույցեր անցկացրեց Իջեւանում, Հրազդանում եւ Մարալիկում


Ընդդիմության ցույցը Հրազդանում: 3-ը դեկտեմբերի, 2010 թ.

Ընդդիմության ցույցը Հրազդանում: 3-ը դեկտեմբերի, 2010 թ.

Հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները ուրբաթ օրը բողոքի ցույցեր անցկացրեցին Իջեւանում, Հրազդանում եւ Մարալիկում` պահանջելով ազատ արձակել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված իրենց համախոհերին:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւանում Շատրվանների հրապարակը, որտեղ նախատեսվում էր անցկացնել ցույցը, չորս կողմից փակ էր: Ոստիկանները շարք էին կազմել ու արգելում էին մարդկանց մուտք գործել հրապարակ` հիմնավորելով, թե բողոքի ակցիան արտոնված չէ:

Ակցիայի կազմակերպիչ ընդդիմադիրները, մինչդեռ, հավաստում էին, որ դեռ անցած շաբաթ իրազեկել են քաղաքապետարանին, բայց քաղաքապետը օրենքով սահմանված կարգով հանդիպում չի անցկացրել ու չի պատասխանել:

Արդյունքում ցույցն անցկացվեց Շատրվանների հրապարակից քիչ հեռու՝ փողոցի եզրին:

«Եթե Նիկոլը չլիներ, մենք այսօր ստրուկ էինք ավելի շատ: Նիկոլն է, Նիկոլի նման տղաներն են, ովքեր այսօր գտնվում են բանտերում, որ մեր արժանապատվությունն են պահում», - իր ելույթում ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Հանրահավաքը տեեւց շուրջ կես ժամ: Դրան հետեւած բողոքի երթի ընթացքում ընդդիմադիր երիտասարդներից մեկը բերման ենթարկվեց: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ երիտասարդին ազատ են արձակել:

2008-ի մարտից անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանին եւ նրանից երեք օր առաջ ձերբակալված Արամ Բարեղամյանին ազատ արձակելու պահանջով հրազդանցիները հավաքվել էին քաղաքի միկրոթաղամասում` բնակելի շենքերի միջեւ ընկած հրապարակում: Այստեղ ցույցը խաղաղ անցավ:

Միքայելյանի համագյուղացիներն ասում էին, որ Սասուն Միքայելյանը շարունակում է մնալ ե'ւ իրենց պատգամավորը, ե'ւ իրենց ընկերը:

«Սասուն Միքայելյանը մեր պարծանքն էր, մեր դեպուտատն էր», - ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

Ակցիային մասնակցելու համար Հրազդան էին եկել վերջերս ազատ արձակված Մուշեղ Սաղաթելյանը, անցած տարի համաներմամբ ազատ արձակված Մյասնիկ Մալխասյանը, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ՀԱԿ-ի այլ ներկայացուցիչներ:

Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում ասաց, որ ամաչում է այս գործիչների՝ բանտում գտնվելու համար եւ համոզմունք հայտնեց, որ կալանավորված բոլոր ընդդիմադիրները ազատ են արձակվելու:

Մյասնիկ Մալխասյանը, հիշեցնելով, որ նախօրեին Եվրախորհրդարանի հայտարարության նախագծից հանվեցին տասնյակ քաղբանտարկյալների առկայության եւ մամուլի ազատության սահմանափակումների մասին կոշտ ձեւակերպումները` համոզմունք հայտնեց, որ դրա դիմաց Հայաստանի իշխանությունները ընդդիմադիրներին ազատ արձակելու երաշխիքներ են տվել. - «Նրանք խոստացել են, որ շատ շուտով ազատության մեջ կգտնվեն այս քաղբանտարկյալ մեր ընկերները, եւ դրա համար այդ հայտարարությունը»:

Բազմամարդ երթ անցկացվեց նաեւ Մարալիկում` ի պաշտպանություն ՀՀՇ Անիի կառույցի ղեկավար, անազատության մեջ գտնվող Հարություն Ուռուտյանի:

Նա, հիշեցնենք, 6 տարվա ազատազրկման է դատապարտվել «ընտրական գործընթացը խոչընդոտելու եւ Սերժ Սարգսյանի վստահված անձին մարմնական վնասվածք հասցնելու» մեղադրանքով:

Երթն անցավ Մարալիկի գլխավոր փողոցներով, քաղաքապետարանի շենքի մոտ պիկետ անցկացվեց:

Ընդդիմադիրները մարալիկցիներին կոչ արեցին այսուհետ ավելի ակտիվ գտնվել ու չվախենալ բողոքի ակցիաների մասնակցելուց:

«Մեր անտարբերության, մեր հիասթափության, մեր խելոքության արդյունքում է, որ այսօր մեր տղերքը երեք տարի է արդեն բանտերում են», - հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG