Մատչելիության հղումներ

Պետեկամուտների կոմիտեն արդյունավետ է համարում Հարկային մարմնի ներկայացուցիչների մեխանիզմը


Կառավարության հաստատած «Հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների ցանկում» տեղ գտած 24 ընկերություններից 21-ից հարկայինի ներկայացուցիչներն արդեն հետ են կանչվել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, այս առթիվ, մասնավորապես, ասաց. - «Մեկ տարվա ընթացքում կարելի է հարկային ներկայացուցիչ ունենալ ընդամենը 180 օր, եւ 2 տարվա ընթացքում` 250 օրվանից ոչ ավելի: Այսինքն` եթե չափորոշիչները համապատասխանում են, դա չի նշանակում, որ ամբողջ տարվա ընթացքում ներկայացուցիչները պետք է այնտեղ լինեն»:

Կան ընկերություններ, որոնցում հարկային մարմնի ներկայացուցիչները ուշ են սկսել աշխատանքները, դա է պատճառը, որ այդ ընկերություններում դեռեւս շարունակում են մնալ հարկայինի աշխատողները, պարզաբանեց Քոչարյանը: Քոչարյանը նշեց, որ մնացած 3 տնտեսվարողների մոտ հարկային ներկայացուցիչների աշխատանքները շարունակվում են: Նրա խոսքով` 24 ընկերությունների շարքում եղել են այնպիսինները, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերվել, որի վերաբերյալ տեղեկանքներ են կազմվել եւ տրվել են տնտեսվարող սուբյեկտներին:

«Կարող եմ ասել, որ ոչ մի տնտեսվարող սուբյեկտ գրավոր առարկություն չի ներկայացրել, որ մեր դիտողությունները ճիշտ չեն, պարզապես աշխատանքային պրոցեսի ընթացքում այդ թերությունները կարգի են բերվել», - հավելեց պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը:

Չցանկանալով գովազդել կամ հակագովազդել որեւէ կազմակերպության, պաշտոնյան չցանկացավ նշել, թե որ ընկերություններում են խախտումներ հայտնաբերվել:

«Դիտման ռեժիմի արդյունքում մենք ենթադրում ենք, որ մոտավորապես իրացման ծավալների 10-15 տոկոսի տարբերություններ պետք է հետագայում ավելանան», - հավելեց Ռուբիկ Քոչարյանը:

Պաշտոնյան ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատում տնտեսվարողների մոտ հարկային մարմնի ներկայացուցիչների ներդրման ինստիտուտը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, հարկային օրենսդրության այս փոփոխություններն ավելորդ էին եւ փոփոխությունները ոչ մի օգուտ չեն տա հարկահավաքությանը` «որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում գործում է ոչ թե օրենքը, այլ կամայականությունը ադմինիստրատիվ պաշտոնյաների կողմից»:

«Այս օրենքը ցուցադրական քայլ էր, որով կառավարությունը ուզում էր ցույց տալ ե՛ւ հանրությանը, ե՛ւ տնտեսվարողներին, ինչու չէ` նաեւ միջազգային տարբեր կառույցներին, որ տեսեք` մենք պայքարում ենք», - ասում է տնտեսագետը` հավելելով. - «Այսօրվա գործող բյուջեն ավելի փոքր է, քան ստվերային բյուջեն, որը ձեւավորվում է, որը ծախսվում է Սերժ Սարգսյանի, կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ մեկ այլնի ցանկությամբ»:

Հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի անարդյունավետության վերաբերյալ իր ընդդիմախոսի դիտարկմանը ՊԵԿ-ի նախագահի տեղակալը հակադարձում է` միայն այդ մեխանիզմով չի կարելի պայմանավորել ստվերի կրճատումը, կամ տնտեսվարող սուբյեկտների ավելի օբյեկտիվ գործողությունների իրականացումը, այդուհանդերձ, ըստ նրա` մեխանիզմն արդյունավետ է:

Անցած աշնանը ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հարկային մարմինները հնարավորություն ստացան ներկայացուցիչ նշանակել այն ընկերություններում, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 4 միլիարդ դրամը (մոտ 10,7 միլիոն դոլար) եւ որոնք ունեն 500-ից ավելի աշխատող, կամ երկու տարի անընդմեջ ցույց է տվել 50 մլն դրամից ավելի հարկային վնաս, կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային արժեքով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 մլն դրամը եւ այլն:

Այս տարվա հունիսին կառավարությունը հաստատեց այն 24 ընկերությունների ցանկը, որտեղ կարող էին նշանակվել հարկային մարմինների ներկայացուցիչներ: Ցուցակում հիմնականում ընդգրկված են սննդի, ոգելից խմիչքների, ծխախոտի եւ դեղորայքի ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերությունները:
XS
SM
MD
LG