Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյանը ենթադրում է, որ Ադրբեջանին պետք չէ Ղարաբաղի հարցի կարգավորում


Շավարշ Քոչարյան
Շավարշ Քոչարյան
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ենթադրություն է հայտնել, որ Ադրբեջանին պետք չէ Ղարաբաղի հարցի կարգավորում:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե «կա՞ն արդյոք երաշխիքներ, որ Աստանայից հետո Ադրբեջանը կփոխի այս կամ այն կերպ իր ապակառուցողական դիրքորոշումը եւ չի դիմի մանր եւ փոքր սադրանքների», Քոչարյանը ասել է. - «Մենք այսօր արդեն ստացանք արձագանքներ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից, որոնք ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ` ոչ: Անմիջապես հնգակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո կրկին փորձ է կատարվում խոսել ուժի դիրքերից: Եթե խաղաղ գործընթացը չբերի իրենց համար ցանկալի արդյունքի, իրենք իրավունք ունեն ուժ կիրառել»:

«Ստացվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարցի կարգավորում, ընդհանապես չի ցանկանում: Այն հարցադրումները, որ ինքը դրել է, միանշանակ է, որ հայկական կողմերի համար անընդունելի են: Չեն կարող լինել միակողմանի զիջումներ, փոխզիջում հնարավոր է, միակողմանի` ոչ: Երկրորդ ճանապարհը ռազմականն է, բայց Աստանայում բոլորի կողմից միանշանակ հայտարարվեց, որ դա անընդունելի է, մասնավորապես, դա հստակ հայտարարեց Ռուսաստանի նախագահը եւ մեր նախագահն էլ շատ հստակ հենց Աստանայում ձեւակերպեց դա: Այսինքն, ռազմական լուծման գնալը բացառում են բոլոր միջնորդ երկրները եւ ուժային կենտրոնները, իսկ հայկական պետությունները պատրաստ են նմանատիպ արկածախնդրության դեպքում հակահարված տալ: Բա ինչի ՞ վրա է Ադրբեջանի հույսը: Մնում է մեկ բան ենթադրել. իրենց պետք չէ հարցի կարգավորում», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը` շարունակելով. - «Ինչո՞ւ, որովհետեւ այս հակամարտության չլուծվածությունը Բաքվի ժառանգական ռեժիմի գաղափարական սնուցման աղբյուրն է, այլ գաղափարական սնուցում նա չունի: Ավելին. ստացվում է, որ ադրբեջանցիների ինքնության հաստատման համար Բաքուն, ցավոք սրտի, առաջարկում է միայն մեկ եղանակ ` հակահայկականությունը, այլ ձեւ չկա:»

«Կարելի է հիշատակել ինքնության հաստատման երկրորդ փորձը` այսպես կոչված, մեկ ազգ, երկու պետություն, բայց Wikileaks-ի վերջին բացահայտումներից հետո եւս մեկ հարված հասցվեց այդ գաղափարին: Այնպես որ, Բաքուն իր ժողովրդին ինքնության ինքնահաստատման փակուղային ճանապարհ է առաջարկում», - ասել է Շավարշ Քոչարյանը:

ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի առնչությամբ բարձրաստիճան դիվանագետը, մասնավորապես, ընդգծել է. - «Դե յուրե ճանաչման հիշատակումը պարունակում է երկրորդ երանգը, որ մենք դե ֆակտո ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց, իսկ մեր հարաբերությունները Արցախի հետ կառուցված են որպես իրավահավասար սուբյեկտների միջեւ հարաբերություններ: Ավելին. նախագահի ամբողջ ելույթը նաեւ ուղղված էր հարցը միայն քաղաքականից տեղափոխելու նաեւ դեպի իրավական դաշտ, որտեղ անընդհատ շահարկումներ է կատարում Ադրբեջանը»:

Հինգշաբթի օրը ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. - «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար»:

«Առաջին հերթին կառանձնացնեի այդ նույն պատասխանի երկրորդ մասը. որ Հայաստանն իր բոլոր հնարավորությունները կներդնի Արցախի ժողովրդի պաշտպանության համար: Այդ տեսակետից, այո, շատ հստակ, միանշանակ էր ձեւակերպումը», - ասել է Շավարշ Քոչարյանը հարցազրույցում, որի տեքստը տրամադրել են արտգործնախարարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:

«Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս գագաթաժողովը, եւս մեկ անգամ բացահայտելով Ադրբեջանի մեկուսացումը, եւս մեկ անգամ Բաքվին շատ լուրջ ազդանշան տվեց, Բաքուն եթե իրոք ցանկանում է հարցի կարգավորում, այլ ոչ` ստատուս քվոյի պահպանում, ապա պետք է վերջ դնի իր դեստրուկտիվ քաղաքականությանը», - հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարարը` ամփոփելով. - «Անկախ ամեն ինչից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է անկախ պետության կերտման իր ճանապարհը եւ ապացուցել է, որ արժանի է եւ ունակ աշխարհի քարտեզի վրա զբաղեցնելու իր տեղը, որպես անկախ ժողովրդավար պետություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG