Մատչելիության հղումներ

logo-print

«Արաբկիրի նորակառույց թեքահարթակները չափազանց մեծ թեքություն ունեն»


Տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ չեն օգտվում իրենց անվտանգ անցուդարձի համար գետնանցումներում կառուցված թեքահարթակներից:

Այս տարվա հոկտեմբերին ավարտվել է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի 5 գետնանցումներում թեքահարթակների կառուցման ծրագիրը, որի համար քաղաքապետարանը մայիսին հատկացրել էր 11 մլն դրամ:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը մեկն է Հայաստանում հաշվառված անվասայլակով տեղաշարժվող շուրջ 3000 հաշմանդամներից: Նա ասում է, թե անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող օգտվել նորակառույց թեքահարթակներից:

«Դրանք անընդունելի մեծ թեքություն ունեն: Եթե ունենք բարձրություն, օրինակ` 1 մետր, ուրեմն դրա առնվազն տասնապատիկ երկարության թեքահարթակ պետք է լինի, որպեսզի անկյունը լինի ճիշտ: Ակնհայտ է, որ գետնանցումներում այդպիսի անկյուն ապահովված չէ, որը վտանգ է պարունակում», - մատնացույց անելով Արաբկիրի շրջանի գետնանցումներից մեկը` Բարեկամություն մետրոյի կայարանի մոտակայքում, ասում է Ալավերդյանը:

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բնակարանային, կոմունալ, տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Հրայր Անտոնյանը վստահեցնում է, թե նորակառույց թեքահարտակները անվտանգ են, կառուցվել են բոլոր այն տեղերում, որտեղ տրվել է մասնագիտական եզրակացություն:

«Թեք հարթակները 15 աստիճան թեքության են` նորմատիվներին համապատասխանում են, որի համար նաեւ տեխհսկողներն են եկել: Այն խավը, որը պետք է անցնի այդ անցումով, 100 տոկոսով օգտվում են», - պնդում է Անտոնյանը:

«Թեքահարթակները փաստացի չեն ծառայում իրենց նպատակին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեցին Բարեկամություն մետրոյի հարակից շենքերի բնակիչներն ու գետնանցումում առավոտից երեկո աշխատող առեւտրականները` պնդելով, թե մինչ օրս չեն տեսել, որ նորակառույց թեքահարթակից որեւէ մեկը օգտվի:

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող Ունիսոն կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն էլ ընդամենը ցանկություն է հայտնում, որ այն ինչ արվում է, արվի ոչ թե ձեւական, այլ իրապես ծառայի իր նպատակին` առանց անիմաստ գումարներ վատնելու եւ մարդկանց տեղաշարժվելու իրավունքների ոտնահարման:

1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2007թ. մարտի 30-ին, Նյու Յորքում, ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում կայացավ Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիայի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի 81 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը, ստորագրեց փաստաթուղթը` որոշակի պարտավորություններ ստանձնելով հաշմանդամներին հասարակությանն ինտեգրելուն եւ նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։

Հայաստանում գրանցված հաշմանդամների թիվը, Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ, կազմում է շուրջ 180 հազար մարդ: Այդուհանդերձ, ինչպես Երեւանում, այնպես էլ, առհասարակ, Հայաստանում, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասարակական տրանսպորտը, մայթերի ու գետնանցումների մեծ մասը, ինչպես նաեւ բազմաթիվ վարչական շենքերի, կրթական հաստատությունների եւ բնակելիների մուտքեր շարունակում են անհասանելի մնալ:
XS
SM
MD
LG