Մատչելիության հղումներ

Ջավախքում հերքում են WikiLeaks-ում տեղադրված փաստաթղթում արվող պնդումները


Տանկերի դուրսբերումը Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմակայանից, մայիս, 2006թ.

Տանկերի դուրսբերումը Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմակայանից, մայիս, 2006թ.

Հինգշաբթի օրը WikiLeaks-ը սկսել է հրապարակել Թբիլիսիից Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունները: Դրանցից մեկում, որ Միացյալ Նահանգներ է ուղարկվել է 2007 թվականի հուլիսին, խոսվում է Վրաստանում Ռուսաստանի ակտիվ միջոցառումների մասին:

«Ծայրահեղական փոքրամասնություններին աջակցություն» վերնագրի ներքո Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատունը գրել է. - «Վրաստանի իշխանությունները Թբիլիսիում եւ Ախալքալաքում, ինչպես նաեւ տեղական համայնքի ղեկավարներն ու քաղաքական ակտիվիստները հաստատել են, որ Ռուսաստանի իշխանությունները ֆինանսավորել են ծայրահեղական հայ ազգայնականներին Սամցխե-Ջավախեթիում` փորձելով ապակայունացնել այս բազմազգ եւ քաղաքականապես անկայուն տարածաշրջանը: Լարվածությունը կիզակետին է հասել 2006 թվականի գարնանը, երբ մարտին Ախալքալաքում բուռն ցույցեր էին Ծալկայում ազգությամբ հայի սպանությունից հետո, եւ մայիսին, երբ ցուցարարները կարճ ժամանակով կասեցրեցին ռուսական բազաների դուրսբերման առաջին փուլը: Սակայն երբ բազաները դուրս բերվեցին, Ախալքալաքում հուզումները կտրուկ նվազեցին, ինչը վկայում է, որ հավաստի էին Վրաստանի պնդումները, թե լարվածությունը առաջացնում էին այն տարրերը, որ ղեկավարվում էին ռուսական բազաներից»:

Չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք ակտիվորեն մասնակցել են այդ ցույցերին, սակայն կտրականապես հերքեց, թե Ռուսաստանի կողմից ֆինանսավորվել են:

«Ես կտրականապես հերքում եմ, որ այդ ֆինանսավորումը անցած լինի իմ եւ իմ շրջապատի մարդկանց միջեւ, որովհետեւ դա չեմ նկատել: Իսկ ինչ վերաբերում է, որ ուրիշ մարդիկ են եղել այս պրոցեսներին խառը, այլ կարգի կազմակերպություններ, ես այդպիսի մարդկանց չեմ կարող ասել` եղել է, չի եղել, ես միայն պատասխան եմ տալիս այն մարդկանց շրջանակներում, որոնք իրոք ջավախքահայերի շահերին են կանգնած եղել` այդ մարդկանց համար երաշխավորում եմ ուղղակի», - հայտարարեց Ռստակյանը:

«Ճիշտն ասած, ես չգիտեմ` ինչ աղբյուրների վրա է հիմնվում դեսպանատունը, որ այդպիսի ինֆորմացիա տվել է կամ չի տվել: Միտինգները միշտ էլ Ջավախքում եղել են բանակի դուրս գալու վերաբերյալ, ընդ որում` ես կարծում եմ, որ իրենց` ջավախքցիներին էր առաջին հերթին պետք, որ այս բազան տարածաշրջանից դուրս չգար, որովհետեւ իրենք միշտ երաշխիք են տվել բազայի ներկայությամբ բավականին Ջավախքում, այնպես որ` ես չեմ հասկանում, թե տրամաբանությունը որն է, որ ռուսները պետք է ֆինանսավորեին` մենք մեր ազգային շահե՞րը պահեինք», - ընդգծեց ջավախահայ գործիչը` հավելելով. - «Աղբյուրները, որ այդ մարդիկ ունեն` ում են ֆինանսավորել, ինչ են արել, իրենք պետք է երեւի ավելի բաց այդ մասին ասեն, եթե փաստեր ունեն, եթե փաստեր չկան` իմաստը ո՞րն է այդպես ենթադրելով այդ մասին խոսել»:

«Նորից կրկնում եմ, ինչ վերաբերում է միտինգներին` դա ջավախքահայերիս էր պետք, եւ հետագայում, երբ ռուսական բազան Ջավախքից հեռացավ, կյանքը ապացուցեց, որ, այո, նա ոչ միայն անվտանգության երաշխիք էր, այլեւ կերակրում էր շատ ու շատ Ջավախքի ընտանիքների», - նշեց Դավիթ Ռստակյանը:

Վրաստանում ամերիկյան դեսպանատան հաղորդագրությունների հրապարակումից հետո The New York Times-ը դրանց անդրադարձել է հոդվածով` գրելով. - «Պետդեպարտամենտի փաստաթղթերը, որ տեղադրվել են WikiLeaks կայքում, ցույց են տալիս, որ Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան դիվանագետները 2008 թվականին Վաշինգտոն են ուղարկել միայն Վրաստանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը` առանց այլընտրանքային գնահատականները հաշվի առնելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG