Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 3-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը ընդհանրացնում է. - «Թե ինչու Աստանայում ոչ մի որոշում չընդունվեց` դրա պատճառները տարբեր են, եւ WikiLeaks-ը դրանց մեջ առաջինը չէ. դա պարզապես մի պիկանտ մանրամասնություն է, որն է՛լ ավելի փչացրեց Իլհամ Ալիեւի տրամադրությունը: Իրականում, իհարկե, որոշիչ դեր են խաղացել Ռուսաստանի եւ Արեւմուտքի պայմանավորվածությունները, ըստ որոնց, մասնավորապես, հետխորհրդային տարածքի բանալիները տրվում են մեր ռազմավարական դաշնակցի ձեռքը: Բայց նույնիսկ այս վիճակում մենք ադրբեջանցիների հետ կարող էինք խաղաղության հասնել, սակայն հարեւան երկրի դիրքորոշումը չափից դուրս կարծր է. նրանք ուզում են տարածքներ ստանալ` դիմացը ոչ մի բան չտալով: Նման անզիջում դիրքորոշումը, նախ` բանակցելու տեղ չի թողնում, երկրորդ` հավանաբար այնքան էլ դուր չի գալիս Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին: Կա, ինձ թվում է, ավելի խորքային խնդիր, թե ինչու Աստանայում ղարաբաղյան հարցով որեւէ առաջընթաց չգանցվեց: Դա, եթե կարճ ձեւակերպենք, ԵԱՀԿ-ի ճգնաժամն է: Իսկ այդ ճգնաժամն իր հերթին պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպության հիմքում ընկած Հելսինկյան եզրափակիչ ակտի գաղափարախոսությունը այլեւս արդիական չէ»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Հերթական հեղափոխական աշունն էլ կուտ գնաց: Տեր-Պետրոսյանի կոնգրեսի վերջին հույսը Աստանան էր, այն էլ... Հայրենի արմատականների համար հատկապես ծանր ամիս էր նոյեմբերը. իրադարձությունների, «սկանդալային» լուրերի, «ցնցող» հաղորդագրությունների պակաս չկար, եւ պետք էր հասցնել դրանցից յուրաքանչյուրը այնքան ուռճացնել, դրանց վերաբերյալ «զարգացումների» շուրջ բանդագուշանքների չափաբաժինը այնքան մեծացնել, որ հնարավոր դառնար վերջապես անտարբեր հանրությանը փողոց հանել: Այս աշնանն էլ դա չստացվեց: Իսկ պատճառը մեկն է. ինչպես այսօր, այնպես էլ վերջին երեք տարիներին հաղթանակի հասնելու հարցում Տեր-Պետրոսյանն ու զինակիցները ապավինում են բացառապես դրսի ուժերին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Մեր երկրում կարծես ինչ-որ կարեւոր հոգեբանական տեղաշարժ է նկատվում: Խոսքը քաղբանտակյալների նկատմամբ վերաբերմունքի մասին է, ավելի ճիշտ` առայժմ միայն նրանցից մեկի` Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Տարօրինակ է, բայց նրա իրավունքների պաշտպանությամբ վերջերս հանդես եկան նույնիսկ պալատական մի քանի մտավորականներ, ստեղծագործական միությունների նախագահներ եւ գիտնականներ: Գուցե վախեցան հասարակական պարսավանքի՞ց, իսկ գուցե նրանց խի՞ղճը արթնացավ: Համենայն դեպս, արարքը աննախադեպ էր իշխանությանը մշտապես սատարող մարդկանց կողմից»: «Ուրեմն, հասարակությունը կարող է տրամադրություն փոխել, եթե հետեւողական է», - գնահատում է թերթը:

Անդրադառնալով Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի ընդունած ամփոփիչ փաստաթղթին, որի տեքստից կոշտ ձեւակերպումները հեռացնելու նպատակով, եվրոպացի որոշ պատվիրակների պնդմամբ, պաշտոնական Երեւանը ճնշում է գործադրել, «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայկական պատվիրակության անդամները Եվրախորհրդարանում լավ կռիվ են տվել, այնպես, ինչպես ժամանակին դա անում էր ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Բայց, ի տարբերություն Եվրախորհրդարանի, գոնե ԵԽԽՎ-ում ՀՀ իշխանություններին տրված ժամկետները լիովին սպառվել են: Նշենք, որ առաջիկա մի քանի օրերին սպասվում է եւս երկու քաղբանտարկյալի ազատ արձակում»:

«Հրապարակ»-ը ներկայացնում է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի տված գնահատականները. - «Հայաստանում գնաճը գերազանցում է 9 տոկոսը` այն պարագայում, երբ ունենք եկամուտների ցածր մակարդակ, ունենք մենաշնորհային շուկա, ներմուծման մեծ ծավալներ: Հայաստանի տնտեսության վիճակն այնքան էլ ուրախ չէ: Գնաճի դեմ որպես գործիք չի կիրառվում, մասնավորապես, մենաշնորհների դեմ պայքարը»: Բոստանջյանին չի գոհացնում Հայաստանում վարվող դրամավարկային քաղաքականությունը: Ըստ նրա` փոխարժեքը ձեւավորվում է նաեւ սուբյեկտիվ գործոններով, մասնավորապես, դրական չէ այն, որ ֆինանսական շուկայի մոտ 92 տոկոսը կառավարվում է մեկ կետից` Կենտրոնական բանկից: Բոստանջյանը նաեւ Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման մի շարք խոչընդոտներ է տեսնում, որոնցից մեկը վարկավորման բարձր տոկոսադրույքներն են: «Այնինչ, Հայաստանի նման փոքր երկրներում մենք այլընտանք չունենք, քան զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը», - ըստ «Հրապարակ»-ի` արձանագրել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG