Մատչելիության հղումներ

Ապահովագրական շուկան Հայաստանում «մինիմալ է»


«Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը:

«Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը:

Եվրոպայում խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկի` «Ռոսգոսստրախ»-ի նախագահ Դանիլ Խաչատուրովի բնութագրմամբ` Հայաստանի ապահովագրության շուկան մինիմալ է:

«Իրականում ապահովագրական շուկա Հայաստանում չկա», - Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը հայտարարեց Խաչատուրովը,: Նա, ի դեպ, Forbes հեղինակավոր հանդեսի ներկայացմամբ` այսօր հանդիսանում է Ռուսաստանի 55-րդ ամենահարուստ մարդը եւ ամենահարուստ ռուսահայը, ում կարողությունը Forbes-ը գնահատում է 1.2 մլրդ դոլար:

«Մենք կոչված ենք ձեւավորել Հայաստանի ապահովագրության շուկան: Ուստի մեր հիմնական նպատակը այդ շուկայի ստեղծումն սկսելն է: Եթե նկատի ունենանք Ռուսաստանի շուկան, ապա ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը ապահովագրական ավելի մեծ շուկա ստեղծեց, քան այդ շուկան ձեւավորվել էր նախորդ մի քանի տարիներին` միասին վերցրած: Այսօր Ռուսաստանում ապահովագրված է մոտ 30 միլիոն ավտոմեքենա, եւ դա լրջորեն զարգացնում է ապահովագրության կամավոր ձեւերը. մարդիկ ընտելանում են ապահովաագրությանը», - ասաց Խաչատուրովը:

Հարցին, թե ինչու են հայաստանյան շուկայում գործող բոլոր ընկերությունները ապահովագրական պոլիսները վաճառում են գրեթե նույն պայմաններով եւ արդյոք այդտեղ նա չի տեսնում «կարտելային պայմանավորվածություն», «Ռոսգոսստրախ»-ի նախագահն արձագանքեց. - «Սակագինը հաստատվում է օրենքով եւ այն հաշվարկված է: Այնուհետեւ ընկերությունների համար թողնված է որոշակի լուսանցք: Սակագինը հաշվի է առնում ապահովագրական ընկերությունների նվազագույն շահույթը: Սա ավելի շուտ սոցիալական մոտեցում է, քանց ապահովագրական: Ուստի սա պետության կողմից հաստատված սակագին է, որը բոլոր ընկերությունների համար նույնն է: Ով հարմարվում է` աշխատում է, ով չի հարմարավում` պետք է հեռանա շուկայից»:

Պատասխանելով հարցին, թե որն էր հայաստանյան փոքր շուկա մուտք գործելու դրդապատճառը եւ արդյոք Հայաստանում բիզնես սկսելիս դեր խաղացել է իր հայկական ծագումը` Դանիլ Խաչատուրովն ասաց. - «Hայկական արմատներն ինձ չեն խանգարում բիզնես անել Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում կամ Ռումինիայում: Բայց այդքանով հանդերձ, երբ մենք ընտրում էինք, թե Կովկասում որտեղ բիզնես սկսել, այդ դեպքում, իհարկե, արմատները ինչ-որ ազդեցություն ունեցան»:

XS
SM
MD
LG