Մատչելիության հղումներ

Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, Ղարաբաղի վերաբերյալ Աստանայում չորեքշաբթի օրը ընդունված հայտարարությունը բարենպաստ էր Հայաստանի համար:

«Այս հայտարարության մեջ մի նորություն կար: Առաջին անգամ հղում արվեց ՄԱԿ-ի կանոնադրությանը, որտեղ շատ հստակ գրված է, որ ՄԱԿ-ի նպատակներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է, իսկ սկզբունքը` տարածքային ամբողջականությունը: Այսինքն` սկզբունքը ավելի ստորադաս է քան նպատակը, եւ սկզբունքները պետք է օգտագործվեն նպատակին հասնելու համար», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Հարցին, թե ինչո՞ւ գագաթնաժողովի ընթացքում չկայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ սպասվող երկկողմ հանդիպումը, Հանրապետականի խոսնակը պատասխանեց` Ալիեւի մեղքով:

«Ամբողջ գագաթնաժողովի ընթացքում հնչած մտքերը, հայտարարությունները, չէին բխում ադրբեջանական կողմի ապակառուցողական մոտեցումներից, այդ իսկ պատճառով` չեմ բացառում, որ Ադրբեջանի նախագահը չի ստացել այն, ինչ ակնկալում էր, եւ հանդիպումը չի կայացել», - կարծիք հայտնեց Էդուարդ Շարմազանովը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, մինչ այժմ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, խուսափել են կոնկրետ գնահատականներ հնչեցնել Մադրիդյան առաջարկների վերաբերյալ, մինչդեռ Աստանայի
Հայտարարության տակ ստորագրելով` լուծվել է երկու երկրների նախագահներից Մադրիդյան առաջարկների վերաբերյալ համաձայնություն վերցնելու հարցը:

«Մադրիդյան սկզբունքներով գործընթացի ցանկացած խորացում վնաս է եւ աշխատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այն, ինչ արվել է Աստանայում, դա գործընթացը խորացնելն է: Համարժեք լուծումներ չեն տրվել կարգավորման գործընթացին սպառնացող հիմնական մարտահրավերներին` Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքին եւ հրահրած սադրանքներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Սաֆարյանը` պարզաբանելով. - «[Հայտարարությամբ] մենք համաձայնում ենք մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների օկուպանտ եւ պարտավորվում ենք դրանք ետ վերադարձնել Ադրբեջանին, եւ համաձայնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ԼՂ ժողովրդի կողմից որոշված չէ, եւ դա որոշվելու է ապագայում` Ադրբեջանի համաձայնության ներքո»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթում հնչած գնահատականին, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Նախագահը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կախման մեջ է դնում բացառապես Ադրբեջանի քայլերից: Սա կործանարար է Հայաստանի եւ Ղարաբաղի շահերի տեսանկյունից», - հայտարարեց Սաֆարյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ էլ` երեկ Աստանայում ընդունված հայտարարությամբ կանաչ լույս վառվեց ղարաբաղյան կարգավորման մեծ փաստաթղթի, կամ, ինչպես ասում են, ճանապարհային քարտեզի համար:

«Թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի նախագահները հայտարարեցին, որ ընդունում են թե՛ Ակվիլայի, թե՛ Մուսկոկի հայտարարությունները: Սրանից հետո ակնհայտորեն հաջորդ քայլը պետք է լինի մեծ պայմանագրի մշակումը», - կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG