Մատչելիության հղումներ

Փաշինյանի պատժի ռեժիմը խստացվել է, նրա փաստաբանները խոստանում են «համապատասխան քայլեր» ձեռնարկել


Քրեակատարողական հիմնարկների վարչության տեղեկացմամբ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումների համար»:

2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված Նիկոլ Փաշինյանը «Կոշ» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել նոյեմբերի 30-ին` միաժամանակ նաեւ խստացվել նրա պատժի կրման ռեժիմը, «Արթիկ»-ում նա պատիժը կրելու է փակ ռեժիմով:

«Տեղափոխման որոշումն ընդունվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ըստ որի` «Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ` պատժի կրումը շարունակելու նպատակով», - ասված է չորեքշաբթի երեկոյան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության խոսնակ Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանի փաստաբանների մեկնաբանությամբ, «չարամիտ խախտում» սահմանումը օգտագործվում է այն դեպքում, երբ դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետը կայացրել է տույժի ենթարկելու մասին որոշումներ: Նիկոլ Փաշինյանի առնչությամբ «Կոշ» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում կայացրած 5 տույժերից 4-ի վերաբերյալ արդեն բողոքներ են ներկայացվել Վարչական դատարան:

Պատիժը խստացնելու պատճառաբանության հիմքերը, ըստ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանի, քրեակատարողական վարչությունը նախապես էր ծրագրել:

«Ճիշտն ասած մեզ զարմացնում էր այդ տույժերի քանակը, որ պարբերաբար նշանակում էր [ՔԿՀ-ի պետը]: Սկզբնական փուլում մենք մտածում էինք, որ դա արվում է, որպեսզի Փաշինյանը իրավունք չունենա պայմանական-վաղաժամկետ ազատվելու: Սակայն հիմա արդեն հասկացանք, որ նպատակը ավելի հեռուն էր գնում. նպատակ կար նրա ռեժիմը փոփոխել եւ նրան ավելի խիստ ռեժիմով պատիժ սահմանել», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը:

«Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է ոչ թե կիսափակ ռեժիմ, այլ միանգամից փակ ռեժիմ, ինչը եւս անթույլատրելի է, եւ մենք, իհարկե, համապատասխան քայլեր այս ուղղությամբ կձեռնարկենք», - հավելեց փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG