Մատչելիության հղումներ

Կառավարությունը բյուջեի նախագծում ներառել է 600 առաջարկություններից ավելի քան 200-ը


Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

2011 թվականի պետական բյուջեի նախագծին վերաբերող 600-ից ավելի առաջարկ էր ստացվել Ազգային ժողովի պատգամավորներից, խմբակցություններից ու կուսակցություններից:

«Այդ առաջարկությունները վերաբերում են հիմնականում սոցիալ-մշակութային ոլորտին եւ գիտության ոլորտին` մոտ 19 միլիարդ, սոցիալական ապահովության գծով խնդիրներին, առողջապահության գծով եւ մի շարք այլ խնդիրների հետ կապված: Այդ թվում եղել են նաեւ տնտեսության ոլորտների վերաբերող առաջարկություններ` շուրջ 4.9 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով», - կառավարության նիստում նշեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ավելի քան 200 առաջարկ ընդունվել է եւ արտացոլվել է բյուջեի նախագծում: Այդ առաջարկների արդյունքում 2011 թվականի պետական բյուջեն կավելանա 2 միլիարդ 456 միլիոն դրամով:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց հաջորդ տարվա բյուջեի նախագծում տեղ գտած փոփոխությունների որոշ մանրամասներ:

«Ըստ էության, ծախսային մասով մենք փաստորեն կհատենք մեկ տրիլիոն դրամի սահմանագիծը, եւ, բյուջեի նախագիծը հավանության արժանանալու պարագայում, կունենա մեկ տրիլիոն մեկ միլիարդ դրամի ընդհանուր ծավալ: Նույն չափով` 2 միլիարդ 456 միլիոն դրամով ավելացել են ընդհանուր առմամբ ե'ւ եկամուտները, ե'ւ ծախսերը», - ասաց նախարարը:

Ըստ ֆինանսների նախարարի, առաջարկված փոփոխությունների արդյունքում, ընդհանուր առմամբ բյուջեի դեֆիցիտի փոփոխություն չի լինի, ինչը պաշտոնյան դրական է գնահատում. - «Մենք կարողացանք ներառել այս առաջարկները` չփոխելով բյուջեի դեֆիցիտի ծավալները` 3.9 տոկոս Համախառն ներքին արդյունքի ծավալում»:

«Փոփոխությունները նաեւ պայմանավորված են փոխարժեքի այս վերջին երկու ամիսների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններով: Այստեղ նաեւ մենք խնայողություններ ունենք, որը նաեւ հնարավորություն է տալիս կրճատել վարկերի սպասարկման ծավալը, որը նախատեսված էր նախնական նախագծում», - հավելեց Դավթյանը:

Հիմնականում վերաբաշխման ձեւով որոշակի փոփոխություններ են կատարվել կրթության ոլորտում: Մասնավորապես, նախատեսված են ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների հավելավճարների վճարման ծավալներ: Որոշ չափով կրճատվել են պետական ապարատի պահպանման ծախսերը:

Բյուջեի նախագծում չներառված 100-ից ավելի առաջարկների հեղինակների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դրանք կարտացոլվեն առաջիկա տարիների պետբյուջեի նախագծերում եւ միջնաժամկետ ծախսային ծրագրերի շրջանակներում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ այսօր փոփոխություն կատարվեց ընթացիկ տարվա պետական բյուջեում:

«Մենք առաջարկում ենք կատարել փոփոխություն պետական բյուջեով եւ ավելացնել 12 միլիարդ դրամով ծախսերը եւ եկամուտները: Մենք ունենք լրացուցիչ եկամուտներ` պլանավորվածից ավելի շատ, որը մեզ հնարավորություն է տալիս 12 միլիարդ դրամով… ունենալ լրացուցիչ եկամուտներ` տարվա կտրվածով, եւ այդ չափով էլ առաջարկում ենք ավելացնել ծախսերը` ուղղելով այն պաշտպանության ոլորտին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG