Մատչելիության հղումներ

logo-print

Ջուլիան Ասանժը` համաշխարհային սկանդալի կենտրոնում


Ջուլիան Ասանժը ներկայացնում է WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը, Լոնդոն, 23-ը հոկտեմբերի, 2010թ.

Ջուլիան Ասանժը ներկայացնում է WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերը, Լոնդոն, 23-ը հոկտեմբերի, 2010թ.

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը` Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել սկանդալային WikiLeaks ինտերնետային ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ:

WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիայի իշխանությունների կողմից մեղադրվում է բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների համար:

Ինքը Ասանժը, որի գտնվելու վայրը ներկայումս հայտնի չէ, կտրականապես հերքում է իրեն ներկայացվող մեղադրանքները` դրանք անվանելով WikiLeaks-ի դեմ «կեղտոտ արշավի» մի մաս:

Արդեն շուրջ մեկ շաբաթ է` Ասանժի անունը չի իջնում հեղինակավոր միջազգային պարբերականների առաջին էջերից: Ինտերպոլը նրան փնտրում է աշխարհի ավելի քան 180 երկրներում, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեղադրում է ամերիկյան դիվանագիտության վրա հարձակում գործելու, փորձագետները` Միացյալ Նահանգների խաղաքարտերը խառնելու մեջ:

Ավստրալացի Ջուլիան Ասանժը, մինչդեռ, խոստանում է շարունակել բացահայտումների շարքը եւ հանրության սեփականությունը դարձնել «հույժ գաղտնի» մակագրությունը կրող բազմաթիվ այլ փաստաթղթեր եւս:

«Նպատակը մեկն է` մեծացնել վերահսկողությունը կառավարությունների նկատմամբ եւ պատասխանատու դարձնել նրանց հանրության առջեւ», - ամիսներ առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Ասանժը:

«Վաղուց է հայտնի` որեւէ էական որոշում ընդունելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է կատարվում իրականում, ինչ սխալներ կամ թերություններ կան, եւ երբ հասարակությունը տեղեկացված է լինում, մենք նաեւ ականատես ենք լինում որոշակի բարեփոխումների», - ընդգծել էր WikiLeaks-ի հիմնադիրը:

Հենց այս հիմնավորմամբ, շուրջ մեկ ամիս առաջ Ասանժի հիմնադրած ինտերնետային կայքը հրապարակեց շուրջ 40 հազար փաստաթուղթ Իրաքյան եւ Աֆղանական պատերազմների վերաբերյալ: Նոյեմբերի 28-ին դրանց ավելացան հազարավոր գաղտնի փաստաթղթեր ամերիկյան դիվանագիտական խողովակներից: WikiLeaks-ի հաջորդ զոհը, ըստ Ասանժի, դառնալու են աշխարհի խոշորագույն բանկերը եւ տնտեսական կազմակերպությունները:

Ընդ որում, որքան ավելի են հարստանում WikiLeaks-ի փաստաթղթերը եւ բացահայտումները, այնքան ավելի է մեծանում լրատվամիջոցների հետաքրքրությունը Ասանժի նկատմամբ:

Մինչ օրս հայտնի փաստերի համաձայն` Ջուլիան Ասանժը 39 տարեկան է, ծնվել է ավստրալական Թաունսվիլ քաղաքում, դպրոցական տարիներից հետաքրքրվել է համակարգչային տեխնոլոգիաներով եւ արդեն 16 տարեկանում հիմնել հաքերների մի խումբ` «Միջազգային դիվերսանտներ» անունով:

Հետագայում Ասանժը, իր իսկ պնդմամբ, հրաժարվել է գործունեության այս տեսակից, ուսանել է ավստրալական մի շարք համալսարաններում, մասնագիտացել ֆիզիկայի, մաթեմատիկայի, փիլիսոփայության ոլորտներում, ապա հետաքրքրվել լրագրությամբ: 2006 թվականին դարձել է WikiLeaks կայքի հիմնադիրներից մեկը, անցած տարի լրագրողական մրցանակ ստացել Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության կողմից` Քենիայում առանց դատարանի որոշման կատարված սպանությունները բացահայտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG