Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ղարաբաղը ապագա չունի Ադրբեջանի կազմում»


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում, Աստանա, 2-ը դեկտեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում, Աստանա, 2-ը դեկտեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

«Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հինգշաբթի օրը ելույթ ունենալով Աստանայում անցկացվող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում:

Միաժամանակ, նա շեշտել է, որ «Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը»:

«Լեռնային Ղարաբաղը ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից», - ասել է Սերժ Սարգսյանը: - «Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո'չ իրավական, ո'չ քաղաքական եւ ո'չ էլ բարոյական հիմք»:

«ԵԱՀԿ-ի տարածքում բնակվող ժողովուրդները հույսով եւ սպասումով են հետեւում Հելսինկյան Եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքների ամբողջական կիրառմանը: Նրանցից է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը եւս կարող է ակնկալել այդ նույն սկզբունքների ու պարտավորությունների իրականացումը, որոնք համընդհանուր են` անկախ երկրի չափերից, բնակչության քանակից եւ բնական պաշարներից», - ասել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:

«Լեռնային Ղարաբաղը 1991 թվականի սեպտեմբերին հռչակեց իր անկախությունը, որին հաջորդեց նույն թվականի դեկտեմբերին կայացած Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն` լիովին համապատասխանելով միջազգային իրավունքի նորմերին եւ Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձեւավորվեցին նաեւ երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության եւ Ինքնորոշված Ղարաբաղի դեմ 1992 թվականին սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան, Լեռնային Ղարաբաղը` չճանաչված, բայց լեգիտիմ պետությունը, ոչնչացման վտանգի առջեւ կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանության, ինչը ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

«Չհասնելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականի մայիսին ստորագրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ: Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատեւ խաղաղության հաստատման համար: Բայց Ադրբեջանն անցած 16 տարիները բանակցությունների քողի տակ, ի հակառակ Մինսկի խմբի ջանքերի, օգտագործեց նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառահետեւանքային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետեւանքներն, առանց վերացնելու հակամարտության պատճառը», - ասել է Հայաստանի նախագահը:

«Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում ինձ հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին: Եվրոպայում սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանների շեշտակի խախտման դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, այլեւ իրականացվում է այդ տեսակի սպառազինությունների վաճառք, այդ թվում եւ ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից: Այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները որեւէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը գտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» վրա: Իսկ վերջերս ՅՈւՆԵՍԿՕ-ում վիճարկում էին խաչքարի` հայկական քրիստոնեական արվեստի գլուխգործոցի, հեղինակային իրավունքները եւ պնդում, որ խաչքարը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական արվեստի նմուշ: Միայն տարակուսել կարելի է, թե ինչու այդ դեպքում, ընդամենը 5 տարի առաջ, այդքան վայրագաբար ոչնչացվեց այդ արվեստի խոշորագույն հուշարձաններից մեկը` Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատունը` հազարավոր խաչքարերով, որի տեղում կառուցվեց ռազմական հրաձգարան», - ասել է Սերժ Սերգսյանը` հավելելով. - «Ի դեպ, դա, արդեն մեր օրերում, դարձավ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարություն ունեցող Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության ի սպառ ոչնչացման երկարատեւ եւ հետևողական քաղաքականության գագաթնակետը»:

«Ադրբեջանի փորձերը` ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ, ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Իսկ վերջին մեկ շաբաթվա մեջ ես կրկին համոզվեցի, որ այս փուլում Ադրբեջանը հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի լուծմամբ: Նրա միակ նպատակը Հայաստանին առավելագույն վնաս հասցնելն է», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG