Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը հայտարարություն կընդունի Հայաստանի վերաբերյալ


Քվեարկություն Եվրախորհրդարանում, արխիվային լուսանկար
Քվեարկություն Եվրախորհրդարանում, արխիվային լուսանկար
Հինգշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը հայտարարություն կընդունի Հայաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների ներկա վիճակի մասին:

Հայտարարությունը կհնչեցվի Բրյուսելում ծավալված երկկողմ քննարկումների ավարտին, որոնք ընթանում էին Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված համագործակցության եւ գործընկերության համաձայնագրի շրջանակներում վերջին երկու օրերին: Հայկական կողմից այս քննարկումներին մասնակցում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը եւ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Փաստաթղթում, որ կներկայացվի այսօր, խիստ քննադատություն է հնչեցվում: Օրինակ, մի դրույթ է շրջանառվում պատգամավորների շրջանում, որում նշված է Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների առկայության մասին: Եվրոպական խորհրդարանը կոչ է անում վերջ տալ լրագրողների դեմ հարձակումներին, հիշատակվում են նաեւ այն թերությունները, որ առկա են երկրի արդարադատության համակարգում», - փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Դան Ալեքսը` միաժամանակ նշելով. - «Եթե ամբողջ փաստաթուղթն ենք դիտարկում, ապա այն, ընդհանուր առմամբ, դրական բնույթ ունի: Այստեղ հիշատակված է Հայաստանի առաջընթացը մի շարք բնագավառներում, օրինակ` տնտեսության կամ մարդու իրավունքների ոլորտներում: Սակայն այն, թե ինչպես են ներկայացվել լրատվական դաշտում տիրող իրավիճակը կամ արդարադատության համակարգի թերությունները` այստեղ, իհարկե, շատ խիստ գնահատականներ կան»:

«Այս համատեքստում, իհարկե, Հայաստանի նկատմամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ցուցաբերած վերաբերմունքը որոշակիորեն տարբերվում է Վրաստանի հանդեպ ունեցած մոտեցումներից», - նշում է Դան Ալեքսը` հիշեցնելով, թե եվրոպացի պատգամավորների կողմից անցած շաբաթ ինչ ջերմ ընդունելության արժանացավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին. - «Գործնականում, Վրաստանի նախագահի հասցեին որեւէ քննադատական խոսք չհնչեց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG