Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի ղեկավարները սպառնում են Միացյալ Նահանգներին


ԱՄՆ – Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս CNN-ի հաղորդավար Լարի Քինգին, 01-ը դեկտեմբերի, 2010թ.

ԱՄՆ – Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս CNN-ի հաղորդավար Լարի Քինգին, 01-ը դեկտեմբերի, 2010թ.

Ռուսաստանի ղեկավարները սպառնում են Միացյալ Նահանգներին սպառազինությունների նոր մրցավազք սկսել, եթե ամերիկյան կողմը չվավերացնի հարձակողական զինատեսակների կրճատման մասին նախապես համաձայնեցված պայմանագիրը։ Այդ մասին նախազգուշացմամբ նախօրեին հանդես եկավ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, նույնն է պնդել նաեւ վարչապետ այսօր Վլադիմիր Պուտինը՝ CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Չվավերացնելով պայմանագիրը` Միացյալ Նահանգները մեծ անմտություն կգործի` հարվածելով սեփական շահերին: Սակայն, եթե դա, այդուամենայնիվ, տեղի ունենա, Ռուսաստանը հարկադրված կլինի ինչ–որ կերպ արձագանքել, ներառյալ՝ զբաղվել նոր միջուկային տեխնոլոգիաների զարգացմամբ», - հայտարարել է Պուտինը։

Հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը Մեդվեդեւն ու Օբաման շուրջ կես տարի առաջ են ստորագրել։ Ամերիկյան սենատում, սակայն, ընդդիմությունը սպառնում է դեմ քվեարկել եւ ձախողել Սպիտակ տան համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ գործարքը։

«Մենք չենք ուզում կրկին զարգացնել միջուկային սպառազինությունները, սակայն դա տեղի կունենա, եթե չկարողանանք համաձայնության գալ պաշտպանության ոլորտում համատեղ ջանքեր գործադրելու շուրջ», - ասել է Պուտինը՝ Լարի Քինգի հետ զրույցում։

Հեղինակավոր լրագրողը հետաքրքրվել է նաեւ՝ ինչպես է Պուտինը վերաբերվում WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերին, որոնցից մեկի համաձայն, մասնավորապես, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ֆրանսիացի գործընկերոջը ժամանակին ասել է. - «Ռուսաստանում ժողովրդավարությունը վերացել է, եւ կառավարությունը օլիգարխիկ համակարգի է վերածվել, որն առաջնորդում են անվտանգության ուժերը»։

«Գեյթսը խորապես սխալվում է», - արձագանքել է Վլադիմիր Պուտինը եւ հավելել, - «Երբ մենք մեր ամերիկացի գործընկերներին մատնացույց ենք անում ամերիկյան ընտրական համակարգում առկա խնդիրները, նրանք հակադարձում են՝ մի միջամտեք մեր ներքին գործերին։ Նույնն էլ ես եմ խորհուրդ տալիս ամերիկացի գործընկերներին՝ մի միջամտեք ռուս ժողովրդի ընտրությանը»։

Պնդելով, թե տեղի ունեցածը մեծ աղետ չէ, եւ նման արտահոսքեր տեղի են ունեցել նաեւ նախկինում, Պուտինը միաժամանակ դժգոհել է այն բնորոշումներից, որ իրեն ու նախագահ Մեդվեդեւին տվել են ամերիկացի գործիչները՝ դիվանագիտական գրառումներում։ Գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, դիվանագետները Պուտին-Մեդվեդեւ տանդեմը համեմատել են մանկական մուլտիպլիկացիոն հերոսների` «Բեթմենի եւ Ռոբինի հետ»` ակնարկելով, որ վարչակազմում գլխավորն, այդուամենայնիվ, շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG