Մատչելիության հղումներ

Իշխող կուսակցության փոխնախագահը բացառում է Հայաստանի միջոցով Իրանին զենք մատակարարելու հնարավորությունը


ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը բացառեց Հայաստանի միջոցով Իրանին զենք մատակարարելու հնարավորությունը, ինչի մասին հիշատակումներ կան Wikileaks կայքի` օրերս հրապարակած գաղտնի փաստաթղթերում:

Այդ փաստաթղթերից մեկում նշվում է, թե 2003 թվականին Հայաստանը նպաստել է Իրանի կողմից հրթիռների եւ գնդացիրների ձեռք բերմանը, եւ այդ զենքը 2007-ին օգտագործվել էր Իրաքում շիա զինյալների կողմից ամերիկացի զինվորականների դեմ իրականացված երկու հարձակումների ընթացքում: Արդյունքում մեկ ամերիկացի զինվորական սպանվել էր, եւս վեցը` վիրավորվել:

Ռազմիկ Զոհրաբյանը «անհեթեթություն» որակեց այս տեղեկատվությունը:

«Հայաստան - Միացյալ Նահանգներ հարաբերությունները բավականին լավ մակարդակի վրա են, եւ մեր ժողովուրդների բարեկամությունը շարունակվում է` ինչպես միշտ: Ես բացառում եմ, որ Հայաստանի միջոցով զենք մատակարարվի Իրան, որովհետեւ դա փաստորեն մեր հարաբերություններին բացասական երանգ կտա», - ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակը, Արտգործնախարարությունն ու Պաշտպանության նախարարությունը հրաժարվել էին մեկնաբանել հիշյալ տեղեկատվությունը` միեւնույն ժամանակ չհերքելով դրա հնարավորությունը:

Հարցին, թե ինչու են իշխանությունները խուսափում անգամ հերքել դա, Ռազմիկ Զոհրաբյանը արձագանքեց, թե պաշտոնապես Հայաստանին որեւէ մեղադրանք չի ներկայացվել, հետեւաբար կարիք չկա պաշտոնապես արձագանքելու այդ տեղեկատվությանը:

«Միացյալ Նահանգները ո'չ հաստատել են, ո'չ էլ հերքել են այդ Wikileaks կայքի տեղեկատվությունը, որովհետեւ դա պաշտոնական հայտարարություն չէ, դա ընդամենը ինֆորմացիայի միջնորդավորված արտահոսք է, որը դեռ ճշտելու խնդիրներ կան: Բայց այդպիսի հաստատում չկա եւ, կարծում եմ, չի էլ լինելու», - նշեց իշխող կուսակցության փոխնախագահը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի համոզմամբ, մինչդեռ, Հայաստանի իշխանությունները չեն հերքում Իրանին զենք փոխանցելու մասին տեղեկատվությունը, քանի որ «ամեն ինչ ակնհայտ է», անգամ Միացյալ Նահանգները չեն հերքել Wikileaks-ի հրապարակածը:

Մուսինյանի կարծիքով, այն փաստը, որ Հայաստանը մեղադրվել է իր տարածքով Իրանին զենք փոխանցելու մեջ, արդեն իսկ «լրջագույն մտահոգություն է առաջացնում» եւ «բացահայտում Հայաստանի իշխանությունների էությունը»:

Հարցին, թե ինչու այդ բացահայտումներից հետո Միացյալ Նահանգները պատճամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ, այլ սահմանափակվել է դրանք կիրառելու սպառնալիքով, Մուսինյանը արձագանքեց, թե այդտեղ գործել է «քաղաքական առեւտրի էլեմենտը»:

«Այս իշխանությունները սեփական իշխանությունը պահելու համար կարող էին գնալ ցանկացած զիջման, լիներ դա Լեռնային Ղարաբաղի հարցում, լիներ դա հայ-թուրքական հարաբերություններում, որպեսզի ե'ւ չեզոքացնեին այդ ճնշումները եւ սանկցիաների սպառնալիքները, ե'ւ կարողանային այստեղ մեկ օր ավելի մնալ իշխանության», - հավելեց նա:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել 2003 թվականին (երբ երկրի նախագահը Քոչարյանն էր) Հայաստանի միջոցով Իրանին զենք մատակարելու մասին Wikileaks-ի հրապարակումը:

Կիրակի օրը Wikileaks ինտերնետային կայքը ԱՄՆ-ի դիվանագիտական գործունեությանն առնչվող շուրջ 250 հազար գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG