Մատչելիության հղումներ

logo-print

«WikiLeaks-ի բացահայտումները սրելու են Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները»


Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները Բաքվի «Շեհիդների ծառուղում»

Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները Բաքվի «Շեհիդների ծառուղում»

«WikiLeaks-ի այդ բացահայտումները իրոք մեծ իրարանցում են առաջացրել Թուրքիայում, եւ ես կանխատեսում եմ, որ այդ գործընթացը կշարունակվի եւ ավելի նոր բացահայտումներ կլինեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքական Zaman պարբերականը անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող` WikiLeaks կայքի որոշ հրապարակումների, որոնցից մեկում, մասնավորապես, ասված է. - «Թուրքիան, ելնելով Ադրբեջանի շահերից եւ շրջանցելով «զրո խնդիրներ հարեւանների հետ» իր քաղաքական ուղղվածությունը` կասեցրել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»:

Հարցին, թե որքանո՞վ է դա իրական համարում, Մելքոնյանը արձագանքեց. - «Թուրքիան հայտնվել է տարօրինակ երկընտրանքի առաջ. մեկը իր արտաքին քաղաքականության մեջ հռչակած նոր տեսլականն է` «զրո խնդիրներ հարեւանների հետ», եւ մյուսը տասնամյակներով իր հետապնդած գաղափարախոսությունն է, որի մեջ գերիշխում են պանթուրքիստական էլեմենտները եւ որի համատեքստում Ադրբեջանը եւ ադրբեջանական ժողովուրդը Թուրքիայի համար ձեռք են բերում շատ ավելի մեծ կարեւորություն: Եվ Թուրքիան, հռչակելով «զրո խնդիր հարեւանների հետ», բախվեց իր իսկ հռչակած մյուս սկզբունքի հետ, որը պանթուրքիզմն է, եւ փորձում է ներկայումս էլ Թուրքիան խուսանավել եւ այսպես ասած մանեւրել այդ երկու սկզբունքների միջեւ, որը, փաստորեն, չստացվեց եւ տապալվեց»:

«Կարող ենք ասել, որ այս պահին էլ Թուրքիան ձգտում է արտաքին աշխարհին ներկայանալ, թե ինքը հավատարիմ է իր «զրո խնդիր հարեւանների հետ» տեսլականին, սակայն իրականությունը այն է, որ Թուրքիան, առաջնորդվելով պանթուրքիստական տրամադրություններով, տապալեց հայ- թուրքական գործընթացը», - ընդգծեց թուրքագետը:

Ըստ նույն տեղեկատվական արտահոսքի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արհամարհանքով է խոսել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի մասին: «Դուք իսկապե՞ս Բաքվի եւ Անկարայի հարաբերությունները վնասված եք գնահատում, դա որքանո՞վ է հնարավոր, ըստ ձեզ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. - «Ես ընդհանրապես կարծում եմ, որ Բաքվի եւ Անկարայի հարաբերությունները ոչ այնքան անամպ են, ինչպես փորձում են ներկայացնել թուրքական եւ ադրբեջանական տարբեր շրջանակներ: Իմ խորին համոզմամբ` այդ հարաբերություններում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս եւ ավելի սուր բնույթ են ստանում, եւ անշուշտ, WikiLeaks-ի բացահայտումները եւս ազդելու են այդ խնդիրների է'լ ավելի սրման վրա` ինչպես քաղաքական համակարգում, այնպես էլ հասարակությունների մեջ»:

«Թուրքական զանգվածային լրատվամիջոցների ուղղակի մակերեսային դիտարկումը ինձ թույլ է տալիս պնդել, որ թուրքական հասարակության մեջ խորանում է Ադրբեջանից հիասթափությունը` այս տիպի տրամադրություններ են իշխում թուրքական հասարակության որոշակի շրջանակներում: Իսկ արդեն քաղաքական մակարդակում, ես կարծում եմ, որ դեռեւս փոխադարձ պարզաբանումներ նրանք կանեն` ե'ւ Ադրբեջանը, ե'ւ Թուրքիան», - ասաց թուրքագետը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG