Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը 24 միլիոն դոլարի ծրագիր է հաստատել Հայաստանի համար


Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը երեքշաբթի օրը Հայաստանի համար հաստատել է «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագիրը` 24 միլիոն դոլարի չափով:

«Այս խիստ նորարարական ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարության` Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության եւ ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումների խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերին` ամրապնդելով ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը: Ծրագիրը լիովին համահունչ է կառավարության` ներառական էլեկտրոնային հասարակության տեսլականին, որն ուրվագծված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգում», - ասված է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հաղորդագրությունում: - «Ծրագիրը հատուկ նախագծված է Հայաստանի տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելու եւ ձեռնարկություններում նորարարությունը խթանելու նպատակով: Այն օժանդակում է քաղաքացիների, ձեռնարկությունների եւ պետական հաստատությունների համար լայնաշերտ ինտերնետային կապի մատչելի ծառայություններից օգտվելու հնարավորության ավելացմանը (ազգային ինտերնետային լայնաշերտ հիմնացանցի եւ կառավարական ցանցի ստեղծման միջոցով), քաղաքացիներին եւ ձեռնարկություններին էլեկտրոնային գործարքների իսկությունը ստուգելու գործիքով ապահովմանը («Թվային քաղաքացի» ծրագիր) եւ քաղաքացիների համար մատչելի համակարգիչների, ինչպես նաեւ էլեկտրոնային ծառայությունների հասանելիության բարձրացմանն («Համակարգիչ բոլորի համար» ծրագիր) ուղղված միջոցառումներին»:

Մասնավորապես, համաձայն հաղորդագրության, «Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը ընկերությունների եւ ձեռնարկությունների համար հասանելի կդարձնի նոու-հաուն, ծառայություններն ու հնարավորությունները, որոնք ներկայումս մատչելի չեն այս մարզում»:

«Այս նորարարական ծրագրով փորձ է արվում զարկ տալ ՏՀՏ-ին` որպես Հայաստանում աճի եւ աշխատատեղերի ստեղծման նոր շարժիչ», - ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: - «Համակարգիչներից օգտվելու հնարավորության բարելավումը եւ բարձր արագությամբ ինտերնետ կապը կօգնեն տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կխթանեն նորարարությունը, կավելացնեն ընտանիքների եւ փոքր ձեռնարկությունների եկամուտները եւ կօգնեն աշխատատեղերի ստեղծմանը»:

Կառավարության, մասնավոր հատվածի եւ Համաշխարհային բանկի թիմի համատեղ ջանքերով իրականացման ողջ ընթացքում, ծրագիրը նպատակաուղղվելու է նաեւ այլ խոչընդոտների հաղթահարմանը, որոնց թվում են, ըստ ՀԲ-ի հաղորդագրության, ՏՀՏ-ի վրա հիմնված զարգացման գործողություններում համակարգված աշխատանքի բացակայությունը, համակարգչային ներթափացման ցածր մակարդակը, որով Հայաստանը զիջում է տարածաշրջանի մյուս երկրներին, անգամ ցածր տեխնիկական հնարավորություններով համակարգիչների ոչ մատչելի գները, երիտասարդ տաղանդների միգրացիան, տեղական թույլ ձեռնարկատիրությունը, վարկավորման եւ առեւտրային ներդրումների ցածր մատչելիությունը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 30 միլիոն դոլար է, որից 6 միլիոն դոլարը Հայաստանի կառավարությունը կֆինանսավորի իր սեփական միջոցներով: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի 24 միլիոն դոլար գումարով հատուկ ներդրումային վարկը ունի 25 տարվա մարման ժամկետ, այդ թվում` 10 տարի արտոնյալ ժամկետ:

Հաղորդագրությունում նշված է նաեւ, որ 1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանը անդամակցելուց հետո Հայաստանին տրամադրված ընդհանուր միջոցները կազմում են մոտավորապես 1 միլիարդ 389 միլիոն 600 հազար դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG