Մատչելիության հղումներ

Ըստ Economist-ի` Ալիեւը, ենթադրաբար, երրորդ անգամ էլ կնախագահի


Իլհամ Ալիեւը տիկնոջ` Մեհրիբանի հետ ժամանում է Լիսաբոն` Մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, 19-ը նոյեմբերի, 2010թ.
Իլհամ Ալիեւը տիկնոջ` Մեհրիբանի հետ ժամանում է Լիսաբոն` Մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, 19-ը նոյեմբերի, 2010թ.
Economist հանդեսի վերլուծական բաժինը պատրաստել է Ադրբեջանի 2011-2015 թվականների քաղաքական-տնտեսական հեռանկարի զեկույցը, համաձայն որի` գործող նախագահ Իլհամ Ալիեւը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի եւ կհաղթի 2013 թվականի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում։

Մինչդեռ, նշում են Economist-ի վերլուծաբանները, Ալիեւի պաշտոնավարման ընթացիկ երկրորդ ժամկետը հետզհետե ավելի բարդ է դառնալու, քանի որ տնտեսական զարգացումը դանդաղում է։ Ադրբեջանի էներգետիկ պաշարների շուրջ Եվրամիության եւ Ռուսաստանի մրցակցությունն էլ գնալով սրվելու է, եւ Ադրբեջանը փորձելու է դա շահարկելով քաղաքական նվաճումներ ապահովել։

«Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության նախաձեռնությամբ 2009 թվականին տեղի է ունեցել Սահմանադրության լրամշակման հանրաքվե, որը գործող նախագահին ընձեռել է անընդհատ առաջադրվելու իրավունք, նշում է Economist-ը` ընդգծելով, որ հանրաքվեի նպատակն էր բացառել քաղաքական ասպարեզում գործող նախագահի մրցակցի ի հայտ գալը։

Այս տարվա նոյեմբերի 7-ի ընտրությունների արդյունքում «Ենի Ազերբայջան»-ը բացարձակ մեծամասնություն է ապահովել 125-տեղանոց Միլի մեջլիսում։ Միջազգային դիտորդական կառույցները նշել են, որ իշխող կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառել, իսկ մամուլը անաչառ չի լուսաբանել ընտրությունները։ Ընդդիմադիրները նույնիսկ մեկ տեղ չեն գրավել։ Այդպիսով, թույլ եւ մասնատված ընդդիմությունը վերստին լուսանցքում է։ Ընդդիմադիրները չունեն հանրահավաքներ կազմակերպելու ազատություն եւ մամուլի միջոցով հանրությանը իրենց դիրքորոշումները ներկայացնելու հնարավորություն։ Խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2015 թվականի նոյեմբերին, եւ ընդդիմությունը մինչ այդ դժվար թե ավելի ամուր դիրքեր գրավի, նկատում են Economist-ի վերլուծաբանները:

Ըստ Economist-ի` Ադրբեջանի համար ավելի բարդ է լինելու իրագործել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Առայժմ Ադրբեջանը ձգտում է զգուշավոր քայլերով էներգետիկայի եւ անվտանգության հարցերում կապեր հաստատել Արեւմուտքի հետ եւ միաժամանակ պահպանել ռազմական եւ էներգետիկ կապերը Ռուսաստանի հետ, սակայն ե'ւ Արեւմուտքը, ե'ւ Ռուսաստանը աստիճանաբար ուժեղացնում են ճնշումը` առաջինը պահանջում է ստորագրել էներգետիկ նոր նախագծեր, երկրորդն էլ պնդում է, որ դրանք մերժվեն։

Economist-ը անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Վերլուծաբանների համոզմամբ, Ադրբեջանը առավել հակված է էներգետիկայի հարցում զիջումներ անել Ռուսաստանին` ակնկալելով այդ երկրի աջակցությունը հայ - ադրբեջանական վեճում։ Սա, իր հերթին, հակասելու է կասպյան էներգակիրները Եվրոպա հասցնելու հարցում տարանցիկ երկիր դառնալու Թուրքիայի նպատակին։ Ադրբեջանը հուսալու է, որ դրա արդյունքում Թուրքիան, այնուամենայնիվ, չի փոխի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG