Մատչելիության հղումներ

Կոմիտասի ծննդյան140-ամյա հոբելյանական հանդիսաշարքի շրջանակում երեքշաբթի օրը Մատենադարանում բացվեց «Կոմիտաս վարդապետ» խորագրով ցուցադրությունը:

Միաժամանակ տեղի ունեցավ Կոմիտասի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված 5 գրքերի շնորհանդեսը:

Դրանք վերջին տարիների ընթացքում լույս են տեսել Մատենադարանի տնօրենի խորհրդական, Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի փոխտնօրեն Գուրգեն Գասպարյանի հեղինակությամբ:

Ուշագրավ այդ հրատարակություններում ներկայացված են Կոմիտաս վարդապետի նամականին, ժամանակակիցների հուշերն ու վկայությունները նրա մասին, Կոմիտասի լուսանկարների ալբոմը եւ նրա ուսումնասիրությունների ու հոդվածների երկհատորյակը:

«Բոլոր այս ժողովածուներում ընդգրկված նյութերի գերակշիռ մասը լույս է տեսնում առաջին անգամ, եւ պարզվում է, որ Կոմիտասին մենք դեռեւս նոր ենք ճանաչում: Հատկապես` գիտնական Կոմիտասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գուրգեն Գասպարյանը:

Ցուցադրության շրջանակում առաջին անգամ են ներկայացվում Մատենադարանում պահվող այն ձեռագրերը, որոնք ուսումնասիրել է Կոմիտասը:

«Դրանք միջնադարյան հոգեւոր երաժշտության ժողովածուներ են, «խազ գրքեր», որոնց վերծանությամբ վարդապետը ամբողջ կյանքում զբաղվել է», - ասաց Գուրգեն Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG