Մատչելիության հղումներ

Դաշտավանցիները միանշանակ չեն ընդունում արտեզյան ջրհորի վերանորոգումը


Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչները միանշանակ չեն ընդունում համայնքի սկզբնամասում արտեզյան ջրհորի վերանորոգումը:

Նրանց դժգոհությունը Դաշտավանում երեքշաբթի օրը լսեցին փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բաղդասարյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ջրային պետական կոմիտեի ղեկավարը:

«Էն վախտ էլի լավ էր, հիմա արդեն ավելի է նստել էս ջուրը: Սիրուն է, [բայց] մեզ ջուր է պետք: Շատ դժգոհ ենք կառավարությունից, որ էս գործերը այսպես է անում: Ո՞նց աներ, որ լավ լիներ` թող բերեր մի ուրիշը խփեր այստեղ, ջուրը շատ լիներ, ժողովուրդը կռիվ չբացեր: Վաղը, մյուս օրը իրար դեմ կելնենք, իրար կսպանենք», - ասաց գյուղի բնակիչներից Հովսեփ Ազրոյանը:

Գյուղացիները դժգոհությունները հիմնականում վերաբերում էին արտեզյան ջրի խողովակի վրա տեղադրված ջրաչափին:

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան» ծրագրի ներկայացուցիչ Արթուր Սանոյանի խոսքով` նախատեսված է, որ Դաշտավանի վերանորոգված արտեզյան հորի ջուրը կբավականացնի մոտ 10-15 տարի: Միեւնույն ժամանակ, նա ընդունում է, որ արտեզյան հորերն այսօր համատարած ջրազրկվում են:

Գյուղացիները փաստում են, որ հին հորի վրա խողովակ դնելը ոչինչ էլ չի փոխել:

Տարածքը սպասարկող ջրօգտագործող ընկերության ներկայացուցիչների խոսքով` նորոգված հորատանցքի ջուրը, բացի տնամերձ հողմասերից, նաեւ խմելու ջուր է ապահովում Դաշտավանի 16 տնտեսությունների համար:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին էլ հետաքրքրեց գյուղապետի տարակուսանքը կապված ջրհորի նորոգման հետ:

«Հիմա լա՞վ են արել, թե՞ վատ են արել: Դա եմ ուզում հասկանալ», - հարցրեց նա:

«Դե լավ է, եթե մաքրվեր, ջուրը ուժեղանար, ավելի լավ կլիներ: Ոռոգմանը չի հերիքում», - արձագանքեց գյուղապետը:

Նրա խոսքով` մինչեւ նորոգումը ինքնահոս ջրի թողունակությունը եղել է վայրկյանում 20 լիտր, իսկ նորոգումից հետո դարձել է 8 լիտր:

Ի պատասխան ջրաչափի կապակցությամբ գյուղացիների եւ գյուղապետի դժգոհություններին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ասաց. - «Ջրաչափը հստակ ֆիքսելու է, ինչքան ջուր է վերցրել ինքը խորքային հորից: Ինքը պետք է այդքան փող վճարի բնապահպանության նախարարությանը ` որպես բնապահպանական վճար: Ասում է, եթե ես վերցրել եմ էն, ինչ որ տվել եմ ոռոգմանը, ես գիտեմ` ինչքան եմ տվել, դրա դիմաց էլ հավաքում եմ: Ջրի մի մասն էլ գնում է խմելու ջրին, էդ մասը ո՞վ պետք է վճարի: Ջրօգտագործող ընկերությունը հաստատ իր գրպանից չի կարողանալու դնի, որովհետեւ ինքը գնում է ոռոգման ջրերն է հավաքում, տանում է: Հակառակ դեպքում պիտի հայտարարենք, որ անվճար է ջուրը, ինչը անթույլատրելի է»:

«Մարդիկ ի վիճակի չեն հա'մ ոռոգման համար վճարել, հա'մ խմելու համար», - ասաց գյուղապետը:

Մարզպետ Էդիկ Բաղդասարյանն էլ փարատելու համար ոռոման ջրի հետ կապված գյուղացիների մտահոգությունը, հավելեց. - «Էս մարդը ջրօգտագործող ընկերության պետն է, էս մարդը պաշտոնապես մարզպետին խոստացավ, որ մենք ոռոգման ջրի խնդիր չենք ունենալու, ինքը հո գայլի սիրտ չի կերել, որ ինձ խաբի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG