Մատչելիության հղումներ

logo-print

Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ


«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Վարդան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին երեքշաբթի օրը տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:

Վարդան Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը քրեկատարողական հիմնարկում է` փակ ռեժիմով: Կալանավայրի վարչության պետը ասաց նաեւ, թե դեռեւս չի ստացել Փաշինյանի վերաբերյալ փաստաթղթերը:

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պատճառների մասին պարզաբանումներ կտա վաղը:

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ տեղեկություններ ունի ամուսնու տեղափոխման պատճառների մասին, պատասխանեց. - «Նիկոլի փաստաբանին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը հայտնել էր, որ տեղափոխում են Արթիկ: Փաստաբանի տեղեկություններով, նաեւ ռեժիմ են փոխել, այսինքն` տանում են Արթիկ փակ ռեժիմով, եւ, ըստ տեղեկությունների, որոշում է կայացվել, որ պետք է լինի առանձին խցում, բոլորովին մենակ»:

«Ըստ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի հայտարարության, դա արվում է միայն անվտանգություն ապահովելու համար», - շարունակեց Փաշինյանի կինը` հավելելով, ինքը «բացասական քայլ է» գնահատում ռեժիմի փոփոխությունը` փաստարկելով. - «Որովհետեւ անվտանգություն ապահովելը այլ բան է, իսկ բաց ռեժիմը փոխել փակ ռեժիմի` բոլորովին այլ բան է: Ենթադրում եմ նաեւ, որ գրելու համար խոչընդոտներ ստեղծելու նպատակներով է դա արվում»:

Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը, որը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրեն նույնպես չի ներկայացվել որեւէ հիմնավորում, հայտարարեց, որ այս քայլով հերթական խոչընդոտն է ստեղծվում Նիկոլ Փաշինյանի դիմումը Եվրադատարան ուղարկելու կապակցությամբ:

Երեքշաբթի օրը, նախքան Նիկոլ Փաշինյանին ավելի խիստ պայմաններով` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, հայտարարություն են տարածել Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Հայտարարության մեջ նշված է. - «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները մտահոգություն են հարուցում: Արդյո՞ք այդ ամենը չի վկայում այն մասին, որ պատկան մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին, հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդպիսի վերաբերմունքի ուղղորդվածության եւ լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին»:

Ստեղծագործական միությունների ղեկավարները վստահություն են հայտնում, որ «Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության եւ միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների»:

Ստեղծագործական միությունների ղեկավարները միջնորդում են Հայաստանի իշխանություններին անկողմանակալ մոտեցում ցուցաբերել այս հարցում:

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Փաշինյանի տեղափոխման կապակցությամբ:

«[Փաշինյանին] Արթիկի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով վարչախումբը ոչ թե նրա ապահովությանն ուղղված քայլ է անում, այլ իր համար երկու խնդիր է փորձում լուծել. առաջին՝ մայրաքաղաքից հեռավորության մեծացմամբ դժվարացնել նրա հետ ամենօրյա կապը եւ լրագրողական գործունեությունը, երկրորդ՝ փակ ռեժիմում, առանց ավելորդ վկաների, բռնաճնշումներ գործադրելիս ազատել իր ձեռքերը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ», - ասված է հայտարարությունում։- «Մենք կոչ ենք անում ողջ հասարակությանը, յուրաքանչյուր պատասխանատու քաղաքացու՝ միանալ այն խմբագիրներին, լրագրողներին, մշակույթի գործիչներին, գիտնականներին, ովքեր Հայաստանում եւ արտասահմանում արդեն իսկ իրենց ձայնն են բարձրացրել Նիկոլ Փաշինյանի անվտանգության, նրա ու մյուս քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման համար։

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անազատության մեջ է 2009 թվականի հուլիսի սկզբից: 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ համաներում է կիրառվել եւ պատժաչափը կիսով չափ կրճատվել է:

XS
SM
MD
LG