Մատչելիության հղումներ

logo-print

Լեռնային Ղարաբաղում եւս սկսվել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը


Լեռնային Ղարաբաղում սկսել են ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը:

Թեեւ Ղարաբաղում արդեն գործում է օրենք, որի համաձայն ավտոպատահարների հետեւանքները պարտադիր փոխհատուցվում են, սակայն անցնելով պարտադիր ապահովագրմանը` Լեռնային Ղարաբաղի կառավարությունը լուծում է վնաս պատճառողի անվճարունակության հարցը:

ԼՂ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ասում է, որ ապահովագրման հարցը երկար են քննարկել եւ վերջում եկել են այն եզրակացության, որ այդ մեխանիզմը ավելի շատ դրական կողմեր ունի, քան բացասական:

«Մասնավորապես, այն կարողանում է ստեղծել ճանապարհատրանսպորտային պատահարների տուժողների վնասների փոխհատուցման ապահովման արդյունավետ մեխանիզմներ: Այն ապահովում է տուժողներին ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում պատճառված անձնական եւ գույքային վնասների դիմաց հատուցման վճարումը առնվազն ապահովագրական գումարի սահմաններում», - ասում է Մարտիրոսյանը` հավելելով, որ արդյունքում կբարձրանա նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների իրավագիտակցության մակարդակը:

Որպես բացասական հանգամանք ֆինանսների փոխնախարարը նշում է պարտադիր ապահովագրավճարներ մուծելու պարտականությունը, որը տարեկան մոտ 40 հազար դրամ է կազմում:

«Սակագնային քաղաքականությունը ընկերությունների համար սահմանափակ է, քանի որ գները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից ստեղծված բյուրոյի կողմից, հրապարակվում են եւ հնարավորություն չեն տալիս ընկերություններին սահմանել շատ բարձր կամ շատ ցածր սակագներ», - շեշտում է փոխնախարարը:

Մինչդեռ մեքենաների սեփականատերերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում դժգոհում էին հատկապես պարտադիր ապահովագրման ժամկետներից, որը սահմանված է մինչեւ հունվարի 1-ը: Սա նշանակում է, որ 1 ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում գրանցված մոտ 17 հազար ավտոմեքենաներ պետք է ապահովագրվեն, հակառակ դեպքում կտուգանվեն մոտ 50 հազար դրամի չափով: Վարորդները խոստովանում են նաեւ, որ լավ չեն պատկերացնում ապահովագրման մեխանիզմը:
XS
SM
MD
LG