Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. Խնդիր է դրվել նախապատրաստել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Աստանայում ստորագրվելիք հայտարարություն


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ ԵԱՀԿ-ի միջնորդների առջեւ խնդիր է դրվել նախապատրաստել հակամարտության վերաբերյալ հայտարարություն, որի տակ Աստանայում կստորագրեն հակամարտության կողմերը:

«Աստանայի գագաթնաժողովից առաջ միջնորդները հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ: Նրանց առջեւ խնդիր էր դրվել նախապատրաստել մի հայտարարություն, որի տակ Աստանայում կստորագրեն ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը, ե՛ւ միջնորդները: Հուսամ` դա կհաջողվի», - դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից առաջ տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովը նաեւ զգուշավոր լավատեսություն է հայտնել` նշելով. - «Ես առայժմ չեմ կարող ասել, որ Աստանայի գագաթնաժողովում հնարավոր կլինի իսկական ճեղքում արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Դա քրտնաջան աշխատանք է պահանջում: Այն պայմանավորված է կողմերի` հաճախ տրամագծորեն հակառակ դիրքորոշումները հաշտեցնելու անհրաժեշտությամբ, եւ այդ աշխատանքը շտապողականություն չի հանդուրժում: Եթե Աստանայի գագաթնաժողովը կօգնի հետագա առաջընթացին, դա արդեն իսկ լուրջ նվաճում կարելի է համարել»:

Մեդվեդեւն անձամբ է զբաղվում ղարաբաղյան հարցով


Սերգեյ Լավրովը հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը անձամբ է զբաղվում ղարաբաղյան հարցով` նպատակ ունենալով մշակել համատեղ «համընդգրկուն փաստաթուղթ, որը իրավականորեն պարտավորեցնող վերջնական խաղաղ համաձայնագրի հիմք կհանդիսանա»:

Ընդգծելով Ռուսաստանի առանձնահատուկ դերը հակամարտության կարգավորման գործում, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` հանդիսանալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, ինչպես նաեւ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի հետ «առանձնահատուկ բարիդրացիական հարաբերություններ ունեցող պետություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG