Մատչելիության հղումներ

Հայաստանցի փորձագետները Աստանայում «բեկումնային շրջադարձ» չեն ակնկալում


Հայաստանցի փորձագետները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում դեկտեմբերի 1-ին մեկնարկող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումներից բեկումնային շրջադարձ չեն անկնալում:

«Սպասելիքներ չունեմ, որովհետեւ իրական քաղաքական որոշումները ընդունվելու են շատ նեղ շրջանակով: Դա կարող է լինել միջանկյալ մի գագաթաժողով, հանդիպում: Բայց այստեղ գուցե նշմարվեն ապագա զարգացումների նախանշանները: Աստանայում գուցե որոշ բաներ նախանշվեն, որ դրանց հիման վրա հնարավոր լինի ավելի ստույգ կանխատեսում անել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արմեն Մելիքյանը:

Նրա կարծիքով, եթե «Հայաստանը կարողանա պոտենցիալ դրսեւորել` վերափոխել պետական կառավարման համակարգի որակը, փոխել իշխանությունը եւ արդյունքում մշակել հոդաբաշխ ներքին եւ արտաքին քաղաքականություն, ապա, այո, [հակամարտության կարգավորումը] հնարավոր է եւ` շատ կարճ ժամանակում»:

«Խնդիրը իշխանության որակի փոփոխությունն է, մտածող իշխանություն ունենալը, պետական շահը առաջնային համարող իշխանություն ունենալը: Այս պարագայում ցանկացած բան հնարավոր եմ համարում» - նշեց Մելիքյանը:

Քաղաքագետ Թեւան Պողոսյանը կոնկրետ արդյունքներ չի ակնկալում ոչ միայն Աստանայում կայանալիք բանակցություններից, այլեւ` հարցի լուծման հնարավորություն չի տեսնում առաջիկայում:

«Բեկումնային ոչ մի խնդիր չի լուծվելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պողոսյանը` փաստարկելով. - «[Գագաթնաժողովների ժամանակ] միշտ նախապատրաստական դաշտ է ստեղծվում… Երբ մարդիկ հույս են հայտնում, ասում են` «ինչ լավ կլինի», «հաջորդ էջը շրջելու ժամանակն է»: Այսպիսի դրական մթնոլորտ են փորձում ստեղծել, որտեղ միգուցե եւ համոզելը, խնդրելը, բանակցելը, ինչ-որ քայլերի գնալը ավելի հեշտ կթվա: Բայց ինձ չի թվում, թե Ղարաբաղի հարցը այնպիսի վիճակի մեջ է, որ ուղղակի այդպիսի աշխատանքով հնարավոր է ինչ-որ հարց լուծել»:

Արման Մելիքյանը կարծում է, որ Ղարաբաղի վերաբերյալ իրական որոշումները կայացնում են ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ գերտերությունները: Ընդ որում, նրա համոզմամբ, այսօր բանակցություններում շատ մեծ է Ռուսաստանի դերակատարությունը:

«Երկու հիմնական տարբերակներ կան, որոնք կապված են, ըստ էության, Ռուսաստանի ճակատագրի հետ: Մեկն այն է, որ Ռուսաստանը կարողանա ինտեգրվել արեւմտյան աշխարհ. այս դեպքում հակամարտության լուծումը մեզ համար կարող է լինել ավելի նպաստավոր: Մյուս տարբերակն այն է, որ Ռուսաստանը դուրս կմնա այս ծիրից եւ կդառնա եվրասիական խմբավորմանը մասը. այս պարագայում մեզ կարող են լուրջ դժվարություններ ու փորձություններ սպասվել, ակնհայտորեն կաճի Թուրքիայի ազդեցությունը», - պարզաբանեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարարը` հավելելով, թե այսօր «մենք պետական մակարդակով անզոր ենք որեւէ բան անել». - «Հայաստանը ղարաբաղյան խնդրի լուծման հստակ քաղաքականություն չունի»:

«Չեն տեսնում նաեւ մշակված քաղաքականություն ունենալու ցանկություն», - շարունակեց նա` պարզաբանելով. - «Որովհետեւ մեզանում քաղաքականությունը անհատականացված է: Ըստ իս, խնդիրը հետեւյալն է. ինչպես կասի Ռուսաստանը, այնպես էլ կվարվեն»:

Թեւան Պողոսյանի կարծիքով, ղարաբաղյան հարցում վերջին շրջանում ցուցաբերվող ակտիվությամբ Ռուսաստանը «փորձում է վերականգնել ռուս-վրացական պատերազմից հետո խարխլված իր իմիջը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG