Մատչելիության հղումներ

«Վիշապի կոթողներ» այգում փորձել են շարունակել շինարարությունը


Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Վիշապի կոթողներ» պուրակում փորձել են շարունակել ապօրինի շինարարությունը:

Այս տեղեկատվությունը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ Բնապահապանության նախարարի հայտարարությունը, թե շինարարությունը չի ընթանա, մինչեւ պարզ չդառնան շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննության արդյունքները, ազդեցություն չի ունենում:

Նոյեմբերի 24-ին «Վիշապի կոթողներ» այգի էր ժամանել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով ասել էր, թե հրահանգ է իջեցվել դադարեցնել շինարարական աշխատանքները, եւ բացի այդ շինարարների հետ պայմանավորվել են վերականգնել այգու նախկին վիճակը, քանի որ չկան շրջակա միջավայրի վերաբերյալ փորձաքննության անհրաժեշտ արդյունքները: Ըստ նախարարի` փորձաքննության արդյունքները դրվելու են հանրային քննարկման` տեղի բնակիչների մասնակցությամբ:

Այգում սեփականաշնորհումից հետո ընթացել են շինարարական աշխատանքներ` բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով, ինչը հարուցել է տեղի բնակիչների բուռն դժգոհությունը: Մինչդեռ Հայաստանի Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չեն կարող փոխանցվել այն հողերը, որոնք «բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ … եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ)»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նախարարի հայտարարությունները որեւէ կերպ չեն ազդում «այդ ապօրինի գործող անձանց վրա, եւ մնում է միայն ասել, որ իրավապահ մարմինները համատեղ գործունեություն են իրականացնում վերջիններիս հետ»:

«Այդ անօրինականությունը պետք է կանխվի նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Արդեն իսկ որոշում կա, որ այդտեղ շինարարական աշխատանքները պետք է դադարեցվեին եւ դադարեցվել էին, եւ այսօր մենք ականատես եղանք, որ մեքենա է եկել եւ փորձել է նորից հողային աշխատանքներ իրականացնել: Սակայն բնակիչների ընդվզման արդյունքում այդ մեքենան դուրս է եկել տարածքից, գնացել է», - ասաց պատգամավորը:

Այգու շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ այսօր հայտարարությամբ են հանդես եկել «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որում, մասնավորապես, ասում են, որ դիմում են դատախազությանը քրեական գործ հարուցելու պահանջով` պարզելու, թե ինչքանով է օրինական այգու սեփականաշնորհումը:

«Երեկ մեզ հայտնեցին, որ պարոն քաղաքապետն է այցելել, ինչպես նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, բնակիչների հետ զրուցել են ու ասել են, որ անկախ ձեր բողոքներից միեւնույնն է` կառուցվելու է, ու 80 մետր այն կողմ կկառուցենք ու ծառերն էլ կտեղափոխենք: Ասել են ընդամենը մի վեց ծառ է վնասվելու, դա էլ ոչինչ, կտեղափոխենք ուրիշ տեղ: Ու պարոն Գասպարյանն էլ ասել է, ուզում եք ժամերով կանգնեք, միեւնույնն է կառուցվելու է», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախաձեռնության անդամ Մարիամ Սուխուդյանը:

Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Զարուհի Փոստանջյանը` ավելացնելով, թե իր նախորդ այցելության հետ համեմատած` այս անգամ այգու շուրջ մեկ տասնյակ ծառեր արդեն հատված էին:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը եւս հաստատեց, որ իսկապես «ինչ-որ տեխնիկա է մոտեցել տարածքին»:

«Բայց ոչ մի շինարարական աշխատանք չի իրականացվել, այդ տարածքը մեր վերահսկողության տակ է, եւ համաձայն փորձաքննության մասին օրենքի եւ նախարարի ուղիղ հանձնարարականի` մենք թույլ չենք տա, մինչեւ համապատասխան լիարժեք փաթեթը չունենան, իրենք չեն կարող այդտեղ շինարարություն անել», - ասաց Պապոյանը` հավելելով, որ փորձաքննությունը հավանաբար հունվարին կավարտվի:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ օմբուդսմենը դիմել է Գլխավոր դատախազություն: Օմբուդսմենը խնդրել է պարզել, թե ինչքանով է օրինական «Վիշապի կոթողներ» այգու սեփականաշնորհումը, եւ անհրաժեշտության դեպքում հարուցել քրեական գործ, քանի որ կա կառավարության համապատասխան որոշումը, որով ուրարտական դարաշրջանին պատկանող վիշապի կոթողները օտարման ենթակա չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG