Մատչելիության հղումներ

Wikileaks-ի հերթական բացահայտումը` հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ


Օգոստոսյան պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի ղեկավարությունը փորձել է կապ հաստատել վրացական իշխանությունների հետ, սակայն ապարդյուն: Այս մասին է վկայում Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենիգտոնի` 2008-ի օգոստոսին գրված նամակը, որի տեքստն անցած գիշեր հրապարակվեց Wikileaks կայքում` հայտնվելով նաեւ մի շարք արեւմտյան եւ ռուսական պարբերականներում:

Նկարագրելով Հայաստանի ղեկավարության շրջանում ռուս-վրացական պատերազմի օրերին տիրող տրամադրությունները` ամերիկացի դիվանագետը գրում է. - «Մասնավոր զրույցների ընթացքում հայ պաշտոնյաներն ավելի ու ավելի նյարդայնացած են այն հանգամանքից, որ Վրաստանի ղեկավարները չեն պատասխանում իրենց հեռախոսազանգերին` ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ արտաքին գործերի նախարարի մակարդակով»:

Ամերիկացի դիվանագետը մանրամասնում է. - «Հայաստանի նախագահի բարձրաստիճան խորհրդականը մեզ հայտնեց, որ նախագահ Սարգսյանը ցանկացել է Մեդվեդեւին եւ Սահակաշվիլիին զանգահարել նույն օրը` կողմնակալության մեղադրանքներից խուսափելու համար: Մեդվեդեւը, ի տարբերություն Սահակաշվիլիի, պատասխանել է Սարգսյանի հեռախոսազանգին, ինչը որոշակի ռուսամետության տպավորություն է ստեղծել: Սահակաշվիլիի հետ կապ հաստատելու մի շարք փորձերից հետո Սարգսյանն, ի վերջո, նամակի տեսքով է իր աջակցությունը հայտնել վրացական կողմին: Այդ պահին տեղական ընդդիմադիր մամուլը արդեն իսկ խստորեն քննադատում էր Սարգսյանին միայն Մեդվեդեւին զանգահարելու համար` նրան մեղադրելով Հայաստանի ազգային շահերի գնով Ռուսաստանին քծնելու փորձերի մեջ»:

Փենինգտոնը Պետդեպարտամենտ ուղղած իր նամակում նաեւ գրում է, որ վրացական կողմի պահվածքը առաջացրել է Հայաստանի վարչապետի լուրջ դժգոհությունը: Օգոստոսի 14-ին տեղի ունեցած զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ռազմական գործողությունների սկզբից մի քանի օր առաջ Բաթումից ու Փոթիից դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող վրացական երկու ընկերությունները միանգամից եռապատկել են սակագները: Վարչապետ Սարգսյանը նշել է, թե գների նման բարձրացումը հայաստանցի ներկրողների կողմից ընկալվել է որպես «Թբիլիսիում կայացված քաղաքական որոշում»:

Նույն փաստաթղթի համաձայն, հայկական կողմը խիստ մտահոգված է եղել նաեւ այն իրողությունից, որ պատերազմին զուգահեռ դադարեցվել են Վրաստանի տարածքով Հայաստան եկող բոլոր բեռնափոխադրումները:

Փենինգտոնի հետ օգոստոսի 9-ին կայացած զրույցում «ավիավառելիքի ներկրման մենաշնորհը տնօրինող հայաստանցի օլիգարխ» Միքայել Բաղդասարովը նշել է, թե Հայաստանում վեց օրվա ավիացիոն վառելիքի պաշար է մնացել: Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Արտյոմ Մովսիսյանն էլ ամերիկացի դիվանագետի հետ զրույցում ենթադրել է, թե ստեղծված իրավիճակում Հայաստանը կարող է արգելափակել թռիչքներն ու ուղեւորների տարանցումը Վրաստանից:

Փենինգտոնը Պետդեպարտամենտին ուղղված իր նամակում նաեւ գրում է, որ վրացի պաշտոնյաները խուսափել են հայաստանցի իշխանավորների հետ դեմ առ դեմ հանդիպումներից:

Օգոստոսի 15-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարարը ԱՄՆ-ի գործերի հավատարմատարի հետ առանձնազրույցի ընթացքում իր խորին հիասթափությունն է հայտնել Վրաստանի «թշնամական պահվածքի» առթիվ: Նալբանդյանը Փենինգտոնին տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետը մեկ շաբաթ է, ինչ չի կարողանում կապ հաստատել Վրաստանի իր պաշտոնակցի հետ:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ամերիկացի դիվանագետին նաեւ պատմել է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Էկա Տկեշելաշվիլին, օգոստոսի 15-ի վաղ առավոտյան Թբիլիսի վերադառնալու ճանապարհին գտնվելով Երեւանի օդանավակայանում, հրաժարվել է հանդիպել իր հայաստանցի գործընկերոջ հետ: Վրաց նախարարն այս մերժումը պատճառաբանել է «անհապաղ Վրաստան վերադառնալու» հրահանգով:

Փենինգտոնի հետ հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշել է. - «Հայաստանի կառավարությունը խուսափում է Վրաստանի հասցեին ցանկացած բացասական հրապարակային հայտարարությունից: Եթե նման հայտարարություն այնուհանդերձ հնչեցվի, Ջավախքի հայության արձագանքը կարող է շատ վտանգավոր լինել Վրաստանի համար»:

Հայաստանի արտգործնախարարը, սակայն, հավելել է. - «Մենք չենք օգտագործի այս խաղաքարտը, պարզապես սա է իրականությունը»:

Ամերիկացի դիվանագետը նաեւ տեղեկացնում է, որ վրաց-ռուսական պատերազմի ընթացքում հայկական կողմը փորձ է կատարել միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ` հաշվի առնելով այն իրողությունը, որ նախագահ Սարգսյանը բավական լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի մյուս ղեկավարների հետ:

«Թբիլիսիում Հայաստանի դեսպանության միջոցով Վրաստան ուղարկված այս առաջարկը եւս անպատասխան է մնացել», - նշում է Փենինգտոնը:

«Երեւանում ենթադրում են, որ վրացական կողմը ռուսների հանդեպ ունեցած իր զայրույթը վերահասցեագրում է Հայաստանին` այս երկիրը դիտարկելով որպես Ռուսաստանի մերձավոր դաշնակից եւ մի պետություն, որին ճնշելը շատ ավելի դյուրին է: Իրականում Հայաստանի ղեկավարները չեն ցանկանում Ռուսաստանից լիակատար կախվածության մեջ լինել եւ Վրաստանի հետ ամուր, բարիդրացիական կապերի ամրապնդումը դիտարկում են որպես իրենց երկրի ռազմավարական շահ: Բայց եթե Վրաստանը շարունակի նման սառը վերաբերմունք ցուցաբերել, ապա չի բացառվում, որ Հայաստանի ղեկավարները սկսեն հրապարակայնորեն, մամուլում արտահայտել իրենց դժգոհությունը: Հայաստանի ղեկավարաները նման քայլի կարող են դիմել մի կողմից զայրույթից դրդված, մյուս կողմից` ինքապաշտպանության անհրաժեշտությունից ելնելով` չեզոքացնելու համար ընդդիմության քննդատությունը», - նշված է Երեւանում ամերիկյան դեսպանատան հաշվետվության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG