Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունը եւս հրաժարվում է մեկնաբանել Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը


Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը

Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հաստատել կամ հերքել Wikileaks-ում հրապարակված գաղտնի տեղեկատվությունը, թե 2003 թվականին Իրանը Հայաստանի միջնորդությամբ հրթիռներ ու գնդացիրներ է ձեռք բերել, որոնք այնուհետեւ օգտագործվել են Իրաքում ամերիկյան զորքերի դեմ:

«2003 թվականին Հայաստանը նպաստել է Իրանի կողմից հրթիռների եւ գնդացիրների ձեռք բերմանը: Այդ զենքը 2007-ին օգտագործվել է Իրաքում շիա զինյալների կողմից ամերիկացի զինվորականների դեմ իրականացված երկու հարձակումների ընթացքում, ինչի արդյունքում մեկ ամերիկացի զինվորական սպանվել է, եւս վեցը վիրավորվել են», - նշված է գաղտնազերծված փաստաթղթում: - «Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ուղղակի ներգրավվածությունն ու այն իրողությունը, որ զենքերն օգտագործվել են ամերիկացի զինվորականների դեմ հարձակումներում, տվյալ պատմությանն առանձնահատուկ եւ խիստ մտահոգիչ բնույթ են հաղորդում: Ամերիկյան համապատասխան կառույցները կարող են զինամթերքի փոխանցման դեպքերը հիմք ընդունել պատժամիջոցների սահմանման համար»:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «նախարարությունը չի մեկնաբանում այլ պետության դիվանագիտական գրագրությունը»:

Երեկ այս տեղեկատվությունը նույն պատճառաբանությամբ հրաժարվել էր մեկնաբանել նաեւ Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արման Արզումանյանը: Նույնը արեց նաեւ Արտգործնախարարության մամլո քարտուղարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Հայաստանի կողմից հնարավոր էր զենքերի փոխանցման միջնորդությունը, Դավիթ Կարապետյանը պատասխանեց. - «Եթե կոնկրետ ինչ-որ փաստեր կան, կարծում եմ` այդ ճանապարհով չէ, որ պետք է հասարակությունը իրազեկվեր: Հասարակությունը ավելի շուտ իրազեկված կլիներ այդ մասին»:

«Այդտեղ մեղադրանքներ կան, դա արդեն ուրիշ ընթացակարգեր է նախատեսում, եթե ինչ-որ խնդիրներ կան, թող ջրի երես գան, մենք չենք մեկնաբանում», - եզրափակեց Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG