Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրում է բանակցային գործընթացը ձգձգելու համար


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթնաժողովին ընդառաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույցներին, միջնորդներին կոչ է անում վերջապես ասել իրենց «ծանրակշիռ խոսքը»:

«Մինսկի խումբը գործում է արդեն 18 տարի, բայց անարդյունք: Մենք ուզում ենք արդյունք տեսնել: Մենք ցանկանում են, որպեսզի հարցը լուծվի միջազգային նորմերի հիման վրա, որպեսզի կյանքի կոչվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, ինչպես նաեւ մի շարք այլ միջազգային կազմակերպությունների` ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի ընդունած բանաձեւերն ու որոշումները: Դրանք ընդունված են, եւ պետք է իրագործվեն: Եթե դրանց իրականացման համար մեխանիզմ չկա, եթե Հայաստանը անտեսում է միջազգային իրավունքի այդ նորմերը, իսկ միջազգային հանրությունը, իր հերթին, դրա դեմ քայլեր չի ձեռնարկում, հարցը կարող է բարդանալ», - APA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ալիեւը` ելույթ ունենալով նոյեմբերի 29-ին Ադրբեջանի 4-րդ գումարման նորընտիր Միլի Մեջլիսի անդրանիկ նիստում:

«Մենք հասկանում ենք, որ այսօր Հայաստանը փորձում է արհեստական կերպով ձգձգել գործընթացը` իրեն ներկայացնելով որպես բանակցություններում կառուցողական տրամադրված կողմ: Սակայն ճշմարտությունն այն է, որ Հայաստանը վճռական պահերին նահանջում է նախապես համաձայնեցված հարցերից` կրկին առաջ քաշելով անիրական առաջարկներ, որոնք ընդունել հնարավոր չէ», - ասել է Ադրբեջանի նախագահը` պնդելով, որ Հայաստանը ձգտում է «անվերջ ձգձգել գործընթացը»:

«Հույս ունենք, որ այս հարցով զբաղվող կառույցները, միջնորդները, կողմերը, վերջապես իրենց ծանրակշիռ խոսքը կասեն: Այլապես բանակցությունները կիմաստազրկվեն: Բանակցությունները անցկացվում են արդյունքների հասնելու, ոչ թե ձեւի համար», - նշել է Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ իր երկիրը կողմ է հարցի խաղաղ լուծմանը, սակայն` «հակամարտությունը չի կարող հավերժ սառեցված մնալ»:

«Մենք երբեք չենք կարող համաձայնել դրան: Ստատուս քվոն պետք է փոխվի: Ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն, մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր: Ինչ վերաբերում է ազգերի ինքնորոշմանը, այդ հարցը հաջողությամբ կարող է լուծվել պետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում: Հենց այդ մոտեցումն է արտացոլված Հելսինկյան եզրափակիչ ակտում», - եզրափակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG