Մատչելիության հղումներ

Հայաստանում եւ Ղարաբաղում Աստանայի գործընթացից բեկում չեն ակնկալում


ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Աստանայում «բարձր մակարդակի» հանդիպում է ակնկալում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, բայց արդյունքների մասին խոսելը «վաղաժամ» է համարում:

«Ինչքանով Ադրբեջանը կառուցողական կարող է լինել, այլ ոչ թե իմիտացիա անել, դրանից էլ կախված կլինեն արդյունքները», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Շարմազանովը:

Գագաթնաժողովի նախաշեմին ԵԱՀԿ-ի ղեկավարների հնչեցրած հայտարարություններին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «էջը շրջելու» եւ վերջնական լուծման հասնելու ժամանակն է` Շարմազանովը արձագանքեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության լուծում հնարավոր չէ, ու հավելեց. - «Եթե մենք ուզում ենք խնդրի խաղաղ քաղաքական լուծման ճանապարհին որեւէ լուրջ առաջընթաց արձանագրել, ապա նախեւառաջ Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմատենչ հռետորաբանությունից եւ ապակառուցողական քայլերից»:

Ստեփանակերտում եւս Աստանայի գործընթացից բեկում չեն ակնկալում:
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Նախեւառաջ միջազգյաին հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում ընդունի: Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել ինչ-որ փոփոխություն: Բայց քանի որ նման քայլեր չեն կատարվում, ես չեմ կարծում, որ կարելի է ակնկալել ինչ-որ բեկում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG