Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 30-ի մամուլ


Անդրադառնալով Wikileaks կայքում գաղտնի դիվանագիտական փաստաթղթերի հրապարակմանը` «Ժամանակ»-ը գրում է. - «Ակնհայտ է մի բան, որ համաշխարհային իրադարձությունները սկսել են զարգանալ բավական դինամիկ եւ անկանխատեսելի սցենարներով, որտեղ հրապարակային քաղաքականությանը զուգահեռ` գործի են դրվում նաեւ ավելի նուրբ տեղեկատվական տեխնոլոգիաներ: Եվ այդ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում կոնկրետ Հայաստանի մասով ավելի ու ավելի նորանոր փաստեր են ի հայտ գալիս, որոնք առնվազն հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հայաստանի իշխող վարչակարգը խճճվել է ոչ միայն միջազգային դիվանագիտության ծուղակներում, այլեւ միջազգային մասշտաբների հանցագործությունների ցանցում: Եվ այդ շղթան պարբերաբար ունենում է նոր երանգի բացահայտումներ, եւ նոր ու ավելի հստակ մեղադրական մեսիջներ են հասցեագրվում Հայաստանին»:

Նույն թեմայով «168 ժամ»-ը գրում է. - «Միջազգային դիվանագիտական պրակտիկայում այս` իր մասշտաբներով աննախադեպ իրադարձության վերաբերյալ ամենատարբեր մեկնաբանություններ են հնչել ու դեռ կհնչեն: Ոմանք էլ չեն բացառում, որ նման արտահոսք կարող էր կատարվել միայն ամերիկյան իշխանությունների իմացությամբ` կոնկրետ նպատակներ հետապնդելով: Անկախ ամեն ինչից, նոյեմբերի 28-ից հետո աշխարհն արդեն ապրելու է միանգամայն այլ խաղի կանոններով, միջպետական հարաբերություններում գրեթե կատարյալ անվստահության պայմաններում: Իսկ Հայաստանի վրա Wikileaks-ի հրապարակումների ազդեցությունը կարող է զգացվել հենց առաջիկա օրերին` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում»:

Մեկ այլ, այս դեպքում տեղական նշանակության արտահոսքի մասին է գրում «Առավոտ»-ը. - «Հայտնի է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, դիմել են անդամակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը` EPP-ին: «Առավոտ»-ի աղբյուրների վկայությամբ, ահա թե ինչ է պատասխանել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է պարզել, թե երբ է հնարավոր այդ անդամակցությունը. «EPP-ի անդամ դառնալու համար պետք է լինել քրիստոնյա ժողովրդավար: Պարոն նախագահ, Դուք քրիստոնյա եք, բայց ժողովրդավար չեք»:

«Հայոց Աշխարհ»-ը հարց է ուղղում գրող, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանին. - Օրերս բողոքի ակցիայով հանդես եկած մշակույթի գործիչները, մտավորականները հայտարարություն ընդունեցին ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի: Դուք, որ սովորաբար նման դեպքերում հստակ դիրքորոշում հայտնում եք, այս անգամ լուռ էիք: Չմիացաք ակցիայի մասնակիցներին»: Ալվարդ Պետրոսյանը պատասխանում է. - «Այդ ակցիային մասնակցելու, հայտարարությունը ստորագրելու համար ինձ եւս դիմեցին, եւ շատ սիրելի մարդ դիմեց: Շատ եմ մտածել, թե ինչու մերժեցի, որովհետեւ ես ուրախ չեմ , որ Նիկոլ Փաշինյանը բանտում է։ Մանկությունից լավ գիտեմ` ինչ բան է բանտը: Հայրս որպես «ժողովրդի թշնամի»՝ ստալինյան զոհերից մեկն էր»: Իր պատասխանի մեկ այլ հատվածում Պետրոսյանը նշում է. - «Ես մերժեցի ստորագրել. մարդկանց մի տեսակ կա, որ գոռալով է գործ անում, ես գոռալով գործ անողներից չեմ: Երկու ամիս, հրապարակավ եմ ասում, պայքարել եմ, որ Աշոտ Բլեյանն ազատվի: Ձեր թերթում էլ այն ժամանակ գրեցի՝ կամ գնդակահարեք Աշոտ Բլեյանին, կամ ազատեք…Ես Նիկոլ Փաշինյանին բնավ հրեշտակ չհամարելով՝ չեմ ուզում իր գլխից մի մազ անգամ պակասի: Որովհետեւ չեմ ուզում իմ երկիրը այդպիսի մեղքերի մեջ թաթախվի: Ուզում եմ Փաշինյանը բանտից դուրս գա, որովհետեւ չեմ ուզում, որ նրա պատճառով իմ երկրի վրա մի բիծ ընկնի»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Ամռանը Հայաստանի ձվի շուկայում արձանագրված գների էժանացումից հետո, երբ ձուն խանութներում դարձել էր 20-30 դրամ, այժմ առնվազն երկու անգամ թանկացել է` հասնելով 50-60 դրամի: Չնայած ամռանն արձանագրված գնային շոկի արդյունքում փակվեցին ձու արտադրող մի քանի փոքր ընկերություններ, իսկ որոշները վաճառվեցին «Երեւանի թռչնաֆաբրիկա» եւ «Արաքս» թռչնաֆաբրիկաների տիրոջը` Խաչատուր Խաչատրյանին, ով այսօր գերիշխող դիրք է զբաղեցնում շուկայում, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ուսումնասիրելով շուկան, հայտարարեց, որ ոչ մի դեմպինգ էլ չկա»: Այս կապակցությամբ թերթը հարց է ուղղել Հայաստանում ձու արտադրողներից մեկի` «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանին. - «Գերմանացի փորձագետը հայտարարել է, որ Հայաստանի ձվի շուկայում դեմպինգ իրականում եղել է, այնինչ Դուք եւ հանձնաժողովը տեւական ժամանակ պնդում էիք, որ չի եղել»: Մանուկյանը պատասխանում է. - «Դե, ինձ թվում է` ինքը շատ չի հասկանում: Մենք էստեղ ենք, մենք մեր մասնագետներն էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք: Մենք մերոնց չենք լսում, ինչ-որ գերմանացո՞ւ պիտի բերենք, գերմանացո՞ւ լսենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG