Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց քաղաքացու` «Լեզվի» եւ «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունները չեղյալ համարելու պահանջը


Օտարալեզու դպրոցների բացումը հնարավոր դարձնող օրինագծի դեմ բողոքի ցույցերից մեկը Երեւանում: 24-ը հունիսի, 2010 թ.:

Օտարալեզու դպրոցների բացումը հնարավոր դարձնող օրինագծի դեմ բողոքի ցույցերից մեկը Երեւանում: 24-ը հունիսի, 2010 թ.:

Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը քննեց եւ մերժեց Գարեգին Ղազարյանի բողոքը ընդհանուր իրավասության դատարանի դեմ, որը վերաբերում էր «Լեզվի» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:

Գարեգին Ղազարյանը հոկտեմբերին հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանի կառավարության` Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագիծը չեղյալ համարելու եւ հետ վերցնելու մասին:

Ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր հայցադիմումը` պատճառաբանելով, թե «ներկայացված պահանջը նյութաիրավական չէ եւ որպես այդպիսին ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա վեճ չէ, իսկ հայտը ներկայացնողը սուբյեկտիվ նյութական իրավունքի ենթադրյալ կրողը չէ»:

«Լեզվի մասին» եւ «Հանրակրթութան մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին լրամշակված օրենսդրական փաթեթը, որով հնարավոր կլինի Հայաստանում սահմանափակ թվով օտարալեզու դպրոցներ բացել, երկրորդ ընթերցմամբ խորհրդարանում դեռեւս չի քննարկվել: Հնարավոր է` այն դրվի քննարկման ԱԺ առաջիկա` դեկտեմբերի 6-9-ը կայանալիք քառօրյայում:

«Ինչ է ստացվում` ես իրավունք չունե՞մ երկրի կյանքում տեղ գտած ապօրինի կամ գոնե վիճելի երեւույթների օրինականությունը վիճարկելու որեւէ դատարանում, մանավանդ ընդհանուր իրավասություն կոչվող դատարանում: Իմ հայցը կամա թե ակամա ունի նաեւ խորը քաղաքական ենթատեքստ եւ, բնականաբար, մերժումն էլ, ընդունումն էլ, կարծում եմ, պայմանավորված է նաեւ քաղաքականացված պատճառներով», - ասաց Ղազարյանը:

Դատավորը հարց ուղղեց հայցվորին, թե արդյո՞ք օրենքի նախագիծը իրավական ակտ է եւ այն կարող է վիճարկվել:

«Նախագիծը պաշտոնական պետական փաստաթուղթ է, որ ընդունվելու մեծ վտանգով է հղի: Իմ գերխնդիրն է եւ գերնպատակն է, հույս ունեմ, ոչ միայն իմ` որ չդառնա օրենք», - պատասխանեց Ղազարյանը:

Ըստ նրա` օրինագծերը հակասում են Հայաստանի Սահմանադրությանը եւ Անկախության հռչակագրին. - «Ես, բնականաբար, ոչ մի կերպ չեմ նահանջելու, որովհետեւ կարծում եմ, որ ոչ միայն հակապետական, հակաօրինական են, այլեւ հենց իշխող կուսակցության եզրերով ուղղակի հականժդեհյան են այս որոշումները»:

Դատական նիստին եւ վճռի հրապարակմանը ներկա էին նաեւ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները, ովքեր, թեեւ ողջունելի էին համարում Ղազարյանի անձնական նախաձեռնությունը, սակայն կարծում էին, որ օրինագիծը իրավական ճանապարհով վիճարկելու համար «արժեր նախապես խորհրդակցել փորձառու իրավաբանների հետ»:

Նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը եւս մեկ անգամ ընդգծեց, թե շարունակվելու է այս օրինագծի ընդունման դեմ քաղաքացիական անհնազանդությունն ու պայքարը, իսկ օրինագծի ընդունման դեպքում իրավական ճանապարհով հարցը վիճարկելու են դատական բոլոր հնարավոր ատյաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG